Այսօր հայտնի դարձավ, որ ապօրինի անտառահատումներն այնքան լկտի մասշտաբների են հասել, որ բանը հասել է ԱԱԾ-ի անցկացրած լայնածավալ միջոցառման, որի արդյունքում հարուցված 4 քրեական գործերի շրջանակներում «բռնել» են 13 չինովնիկի, ընդ որում՝ բնապահպանության ոլորտի բավականին կարկառուն կադրերի։

Էլ ավելի «տպավորիչ» է քրեական գործի շրջանակներում քննվող 8 դրվագներում պատճառված վնասի թվային արտահայտումը, որը կազմում է, ոչ ավել, ոչ պակաս, 1,8 միլիարդ դրամ, այսինքն՝ գրեթե 4 միլիոն դոլար․․․

Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էին միանգամից 8 չինովնիկի պատասխանատվության կանչել։ Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ, երբ անտառագողերն ու նրանց պաշտպանները դոշ էին ծեծում, թե բա՝ մարդիկ տուն են պահում, սոված են, մրսած են և այլն, ավելի խելացի մարդիկ ասում էին, որ էդ ամենը բլեֆ է, իսկ իրականությունն այն է, որ ապօրինի անտառահատումները շատ լուրջ ստվերային բիզնես են, որն այնպիսի ահազանգող մասշտաբների է հասել, որ արդեն ազգային անվտանգության խնդիր է ներկայացնում։ Դե հիմա կերե՛ք, բանը հասավ դիվան բաշուն, ու իրոք ԱԱԾ-ն մտավ ասպարեզ, իրո՛ք տեսանք, որ աստղաբաշխական մասշտաբի թվերի հետ գործ ունենք ու հիմա իրո՛ք հույս կա, որ այս ոլորտի ամենաթողությունը վերացվելու է։

Հիմա շատ կարևոր է, որ մյուս անգամ, երբ այս 13 չինուշների օրթախները մյուս անգամ փնթի անտառագողերին փորձեն մոբիլիզացնել, որպեսզի ճանապարհներ փակեն ու պոպուլիստական լոլոներ բարբաջեն, հիշենք, որ գործ ունենք ամենասովորական թալանի ու կոռուպցիայի հետ, որը ոչ միայն պաշտպանել չի կարելի, այլև պետք է խստորեն դատապարտել։ Նաև պետք է հետամուտ լինել, որ ԱԱԾ-ի արած փայլուն աշխատանքն իրավապահ համակարգի մյուս օղակներում փոզմիշ չարվի, և մարդիկ պատժվեն ու պատժվեն շատ խիստ։

Շատ խիստ պատիժն էլ զուտ քմահաճույքի հարց չէ։ Ճամփա փակելու հանդգնություն ունեցող անտառագողը խնդրի պատճառ չի կարող լինել, դա խնդրի հետևանք է։ Խնդրի պատճառն ամենաթողությունն ու բարդակն է, որը արագ կարգի կարելի է բերել միայն օրենքով նախատեսված ծավալով ու խստությամբ ռեպրեսիվ մեխանիզմների կիրառությամբ։ Հիմա եթե այս 8 մեղադրյալների մեղքն ապացուցվի, ու իրենք ոչ միայն ռեալ սռոկներ ստանան, այլ իրենց ունեցվածքից զրկվեն պատճառված վնասը հատուցելու չափով, վաղն արդեն մյուս գողերը երկու անգամ կմտածեն անտառները ոչնչացնելու ու իրենց բատրակ-անտառագողերին անհնազանդության ակցիաների ուղարկելուց առաջ։

Մի խոսքով՝ ապրի՛ ԱԱԾ-ն, ապրեն բոլոր այն ազնիվ իրավապահները, ովքեր այս գործը փորձում են գլուխ բերել, ու թող սա վերջին ռեալ գործողությունը չլինի թե՛ անտառտնտեսության, թե՛ բոլոր այն ոլորտներում, որտեղ տեղ ունեն թալանն ու բեսպրեդելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել