Համացանցում վերջին օրերին ակտիվ քննարկում են մաթեմատիկական մի խնդիր, որը հանձնարարել են Չինաստանի դպրոցներից մեկի աշակերտներին։

Խնդիրը ձևակերպվում է հետևյալ կերպ․ հարկավոր է հասկանալ, թե քանի տարեկան է նավաստին, եթե նավում կա 26 ոչխար և 10 այծ:

Երեխաներն այս հարցին տվել են շատ տարբեր պատասխաններ։ Օրինակ՝ 5-րդ դասարանի աշակերտներից մեկն ասել է․

«Նավաստին նվազագույնը 18 տարեկան է, քանի որ հակառակ դեպքում նա իրավունք չէր ունենա վարելու նավը»։

Ուրիշները մտածում էին, որ նավաստին շատ ինքնահավան է, այդ պատճառով էլ ընտրել է իր տարիքի թվին համապատասխան կենդանիների քանակ։

Մեծահասակները, տեսնելով այս հանելուկը համացանցում, նույնպես տվել են պատասխաններ, որոնք բավականին տարբեր են։ Օգտատերերից մեկը տվել է հետևյալ պատասխանը․

«Կենդանիների ընդհանուր քաշը, ըստ միջին վիճակագրական տվյալների, հավասար է 7700 կգ-ի։ Չինաստանում նավով 5 տոննայից ավել բեռ տանելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն 5 տարվա ընթացքում, որի համար կարող են դիմել միայն 23 տարեկանում։

Նշանակում է՝ նավաստին նվազագույնը 28 տարեկան է»։

Սակայն այս պատասխանը շատ հակասություններ ունի և այն շատ է քննարկվել մյուս օգտատերերի կողմից։ Որոշ մարդիկ ուշադրություն են դարձրել պատասխանում ներկայացված մի փաստի, որտեղ կա հաշվարկի սխալ։

«Ինչպե՞ս կարող են 26 ոչխարը և 10 այծը կշռել 7700 կգ։ Ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրը կշռում է 200 կգ-ից ավել»։

Չինաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է, որ հանձնարարության գլխավոր նպատակը եղել է ստիպել երեխաներին ազատվել սահմանափակ, կաղապարային մտածելակերպից, իսկ հարցը չունի ճիշտ պատասխան։

Սակայն մարդկանց մեծամասնությունն ավելի շատ զարմացած է այն փաստից, որ այս հարցը տրվել է մաթեմատիկայի դասաժամին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել