Արցախ աշխարհում` Սխտորաշեն գյուղի տարածքում, մի ծառ կա, որին տեղացիները կոչում են Տնջրի (սոսի): 1900-ական թվականներին ծառն անձնագիր էր ստացել և հատուկ պահակ ուներ, որին աշխատավարձ էր վճարվում այդ մեն-միակ, հսկա ու հավերժական ծառը հսկելու համար:

Վերջերս ծառին կրկին անձնագիր է շնորհվել: Անձնագրի «տարիքը» սյունակում նշված է՝ «2000 տարեկան»:

Հնագույն աղբյուրները վկայում են, որ Մեսրոպ Մաշտոցն այդ ծառի մոտով է անցել դեպի Ամարաս՝ իր սուրբ առաքելությունը կատարելու:
Հսկա սոսին բազմիցս կայծակնահար է եղել, ներսում առաջացել է «բնակմակերես» ժամանակակից 3 սենյականոց բնակարանի տարածքով՝ 44 քառակուսի մետր: Ծառի շրջագիծը հողի մակերեսում 27 մետր է, բարձրությունը՝ 54 մետր՝ 15 հարկանի շենքի բարձրությամբ: Տնջրին մի քանի «դուռ» ունի, «կենտրոնական» մուտքով ձիավորը հեշտությամբ մտնում է ներս: Գարնանից մինչև ուշ աշուն ծառի տերևները փարթամ են, մուգ կանաչ: Ըստ մասնագետների՝ ծառը մեկ օրվա ընթացքում «խմում» է 4,5 տոննա ջուր: Ծառի ստվերը ծածկում է 1400 քառակուսի մետր մակերես: Հազարամյակների ճամփա անցած ծառի մասին հիշատակված է «Հայկական Հանրագիտարանի» 10-րդ հատորի Սխտորաշենին նվիրված հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել