operativ.am-ը գրում է

2017թ. օգոստոսի 7-ից 31-ը հանրապետության ողջ տարածքում և սեպտեմբերի 11-ից 17-ը ներառյալ Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում անց է կացվել «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման նպատակն էր` հայտնաբերել և ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:

Միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 83 տոննա 837 կգ վայրի աճած կանեփի և 59,5 կգ կակաչի կանաչ զանգված /«Կանեփ-կակաչ-2016» ամբողջ միջոցառման ընթացքում` 73 տոննա 780կգ կանեփի և 56,5 կգ կակաչի կանաչ զանգված/:

Տնամերձ 21 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 136,1 կգ կշռով կանեփի 2547 բույս /2016թ.` 20 հողամասերից 186,7 կգ կշռով 757 բույս/:

Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 3424,32 գրամ «մարիխուանա», 4 մլ. «դեզոմորֆինով լուծույթ», 49,3 գրամ «կոկաին», 0,5 գրամ «մետամֆետամին», 9,15 գրամ «սփայս», ինչպես նաև տարբեր տեսակի հոգեմետ 13 հաբ:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 հատ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 8 փամփուշտով, 1 հատ «COMBAT-PP» գազային ատրճանակ` 6 փամփուշտով 15 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի և 26 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփուշտներ, 8 հատ ազդանշանային ատրճանակի փամփուշտ, 4 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտ, 1 փամփշտատուփ:

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 28 միավոր հրազեն, որից` 2 նռնականետ, 9 փամփշտատուփ, 36 նռնակ, 4 հրապայթուցիչ, 1 գնդացիր, 62 պայթուցիչ, 2 հրազենի փող և 3889 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 107 հետախուզվող, թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 26 անձ:

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 42 քրեական գործ, հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 266 և 288 հոդվածների հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել