Երգիչ Արայիկ Ավետիսյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Իմ նվեր» երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, ռեժիսորն է Արեն Բայադյանը: Երգիչը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր տեսահոլովակի, ձայնասկավառակի, առաջիկա անելիքների և ապագա մենահամերգի մասին: Նախաբանի համար նշենք, որ Արայիկ Ավետիսյանը հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց: Տասներեք տարեկան հասակում ունեցել է մենահամերգ Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ և Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագակցությամբ: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանի սանն է:

«Սովորում եմ ժողովրդական երգի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում: Արդեն ժամանակն էր հանդես գալու տեսահոլովակով, և անցյալ տարի թիմային աշխատանքի արդյունքում ընտրվեց «Սիրո ծովում» երգը, որն ունեցավ համանուն տեսահոլովակը։ Ելնելով արձագանքներից, դիտումների մեծ քանակից՝ կարող ենք ասել, որ սիրվեց երգը: Հուրախություն մեզ՝ սպասվածից ավելին էր: Շնորհակալ եմ իրենց գործին տիրապետող ավագ ընկերներիս, ովքեր ի սկզբանե գիտեին, որ հաջողությունն ուղեկցելու է մեր գործին»,- պատմում է Արայիկը:

Ի դեպ՝ «Իմ նվեր» երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է. «Կան այլ ստեղծագործություններ, որոնք իմ ապրումների, զգացմունքների ծնունդն են՝ հանձնված նոտաներին, տարվա ընթացքում դրանք նույնպես տեսահոլովակի տեսքով կհանձնենք երկրպագուների դատին: Կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ տեսահոլովակը նկարահանեցինք Արեն Բայադյանի հետ»:

Երգիչը նշում է, որ ամեն բան արել են հանդիսատեսին գոհացնելու համար, իսկ իր երաժշտական կարիերայի սկզիզբը վստահել է 8 production-ի Էդգար Հայրապետյանին. «Առհասարակ վստահում եմ մասնագետներին և սիրում եմ նախապես նոր գործը քննարկել յուրաքանչյուրի հետ»:

Արայիկը նշում է, որ նպատակ չունի միայն գումար վաստակելու. «Առավելագույնը, որ պիտի անեմ երգարվեստում, մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծելն է, որոնք տարիներ հետո էլ կհնչեն ու սիրված կլինեն իմ կատարմամբ: Իհարկե հաճելի է, որ զուգահեռ կարողանաս բարձր հոնարարներ ստանալ համերգային շրջագայություններից ու կորպորատիվ հրավերներից: Երգում եմ նաև փոփ ժանրում: Տեսահոլովակներս նկարահանված են փոփ ժանրում»:

Մրցակցությունից չի վախենում, հակառակը, միայն ուրախ է, որ շուրջը տիրող երաժշտական անճաշակության հետ մեկտեղ կարելի է ներկայացնել որակյալը. «Ունկնդիրը միշտ տարբերում է այն գործը, որի համար ջանքեր չես խնայել` ներդնելով ամեն ինչ՝ ներառյալ ֆինանսներ ու աշխատասիրություն՝ բնությունից տրված ձայնն առավել գրագետ հնչեցնելու համար»:

Չնայած շոու բիզնեսում նորեկ է, սակայն, ինչպես նշում է, լուրջ առաջարկներ ունի համերգներով ներկայանալու Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Նախ՝ պետք է կայանալ, հաստատվել ու սիրվել հայրենիքում, որն ինքնին ճանապարհ կհարթի դեպի հայաշատ սփյուռք: Հիմա անդադար աշատում ենք, որպեսզի ներկայացնենք առաջին ձայնասկավառակը, որին կհաջորդի մենահամերգը Երևանում, ապա՝ արտերկրում»:

       Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել