ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում:

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով պայմանավորված խորհրդարանի նոր դերի ստանձնմամբ:

ԱԺ գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատակազմում բարեփոխումների հրամայականը պայմանավորված է փորձագիտական ու վերլուծական կարողությունների և խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությամբ, որի ուղղությամբ արդեն իրականացվում են համապատասխան գործողություններ:

Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շվաբն ասել է, որ Շվեյցարիայի օրենսդիր մարմնի աշխատակազմը փորձագիտական կարողությունների լուրջ ներուժ ունի, առաջարկել է աշխատանքային տարբեր ձևաչափերով այս հարցում համագործակցել ՀՀ խորհրդարանի աշխատակազմի հետ:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային անդամակցելու հայտ է ներկայացրել, որի քննարկումը նախատեսված է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում` 2018 թվականի մարտի 26-ին, Ժնևում:

Ֆիլիպ Շվաբը ողջունել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Ասոցիացիային անդամակցելու նախաձեռնությունը` փաստելով, որ Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան կարևոր հարթակ է գլխավոր քարտուղարների միջև համագործակցության և փորձի փոխանակման համար: Նա ընդգծել է, որ որպես այդ կառույցի նախագահ և գործադիր մարմնի անդամ` ինքն ամենայն ուշադրությամբ կանդրադառնա Հայաստանի անդամակցության հայտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել