Առաջին հայացքից կարող է թվալ, թե եղածը մեծ մի բան չէ ու մեր երկրում առկա խնդիրներից ամենամեծը չէ և իրականում էլ ամենամեծը չէ զուտ թվային արտահայտմամբ, բայց անձամբ ինձ համար ամենից շատ կատաղեցնող երևույթներից մեկը պետական միջոցների անասնական տնօրինումն է, հատկապես՝ անհարկի ու անհասկանալի ներկայացուցչական ծախսերի համար։

Ահա պատկերավոր մի օրինակ․ Ծովագյուղ, մի սովորական հայաստանյան գյուղ։ Այս տարվա բյուջեով նախատեսված է, որ հայաստանյան սովորական մի գյուղը պետք է 2,5 միլիոն դրամի կոնյակ, շոկոլադ ու հուշանվեր ձեռք բերի։ Ինձ ինչ-որ մեկը կբացատրի՞, թե սովորական գյուղին ներկայացուցչական ծախսերն ինչների՞ս է պետք, այն էլ՝ 2,5 միլիոն դրամի։ Խոսքի, էդ ի՞նչ ներկայացուցչականություն են ստանալու 3000 դրամանոց կոնյակով ու 1300 դրամանոց գինով, կամ առհասարակ, ինչո՞ւ պետք է միջին վիճակագրական հայաստանյան գյուղը նման թիթիզություններ անի և ո՞ւմ համար։

Որոշ կամռադներ սկսում են պատմել, որ, դե՜, պետություն ենք, հո չե՞նք կարող պետական մակարդակով անցկացվող միջոցառումներին մի նվեր չանել։ Տեսականորեն կարող ենք, բայց լավ, թող նախագահի ու կառավարության մակարդակով ինչ-որ սիմվոլիկ բաներ տան, բայց ինչո՞ւ է տարեկան 600 միլիոն դոլար մենակ արտաքին պարտքի սպասարկման համար պետությունում ամեն մինիստրություն, ամեն գերատեսչություն, ամեն քաղաքապետարան ու, ինչպես արդեն պարզեցինք, նաև ամեն գյուղապետարան իր սուրբ պարտքը համարում ամեն տարի հազարավոր, հարյուր հազարավոր ու միլիոնավոր դոլարներ բրախել մեր փողերից։

Հուսով եմ, որ էս մարազմին վերջ կդրվի, անգամ եթե դա նշանակում է, որ Ծովագյուղը չի կարողանա քույր գյուղ դառնալ ինչ-որ Մուխոսռանսկի կամ էլ Յանցզիի ավազանի չինական ինչ-որ գյուղի հետ։ Ու մենակ գյուղերի մասշտաբով չէ, այլ առհասարակ էս կոնյակ նվիրելու բոշայական ինստիտուտը պետք է մի այլ կարգի մինիմիզացնել։ Շատ են ուզում կոնյակ ու հուշանվեր նվիրել իրենց կոլեգաներին, թող իրենց աշխատավարձերից փող հատկացնեն դրա համար։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել