Վերջապես վերլուծական շրջանակները սկսեցին խոսել մեր ներքաղաքական կյանքում առկա քաղաքական անտոգոնիզմի մասին։ Այն, որ քաղաքական անտոգոնիզմն արդեն վաղուց մեր ներքաղաքական կյանքի իրողություններից է, անառարկելի փաստ է, բայց հարցն այս պարագայում քննարկվում է այն «վերացնել- չվերացնելու» համատեքստում։ Մինչև վերացնել-չվերացնելու անհրաժեշտությունը քննարկելը, կարծում եմ, հարկ է վերլուծել դրա առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Ընդհանրապես, անհանդուրժողականության, բանավեճի մշակույթի բացակայության և, վերջապես, քաղաքական անտոգոնիզմի հիմնական պատճառ են հանդիսանում դաշտում գործող սուբյեկտների աշխարհայացքային վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ, օբյեկտիվ իրականության նկատմամբ նրանց վերաբերմունքի սուբյեկտիվ դրսևորումները, առկա շահերի բախման համատեքստում առաջացած տրամաբանական հակադրությունների լուծման նախընտրելի ձևերը։ Մեր երկրի քաղաքական/քաղաքացիական ակտիվի շրջանում արդեն վաղուց սովորույթային նորմ է դարձել օբյեկտիվ իրականության հետ հաշվի չնստելը, սեփական անսխալականությունը դրոշակ դարձնելը, որոնք էլ հանգեցրել են սեփական պարտությունը չընդունելուն և դրանից հետևություններ չանելու կործանարար երևույթին։ Իսկ ի՞նչ անել այս պարագայում։ Իհարկե, ընտրել պարզագույն տարբերակն ու այդ ամենի մեջ մեղադրել արտաքին ուժերին (հանցավոր իշխանությանը, մեկ այլ ընդդիմադիր կամ քաղաքացիական ուժի)։

Ընդհանրապես, այս երևույթը մեր երկրում սկսեց զարգանալ վերջին 10 տարիների ընթացքում, երբ քաղաքական արենայից սկսեցին օբյեկտիվորեն դուրս մնալ և մարգինալության հետ չհամակերպվել երկար ժամանակ դաշտում իրենց գոյությունը պահպանող մի քանի ուժեր։ Նրանք չհամակերպվեցին այն մտքին, որ թամբալության, քաղաքական անկարողության արդյունքում կորցնում են իրենց տեղն արենայում, և այդ ամենի պտուղներն այսօր քաղում են բոլորը։ Նույնը տեղի է ունենում քաղաքացիական դաշտում. նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ծախվածության մեջ և այդ նույն հարթակներից անվանվում էին սադրիչներ (հիշենք Ր.Հ.-ի հանրահավաքներից մեկի ընթացքում տեղի ունեցած միջադեպը), այսօր արդեն վերոգրյալ գործիչների թիմի հետ ԵԼՔ-ին և իրենց գծած սահմանափակ տարածքից դուրս գործող և երկրաչափական պրոգրեսիայով զարգացող քաղաքացիական այլ խմբերին են մեղադրում «իշխանության սպասավոր» լինելու մեջ։ Իհարկե, այդ գործընթացում լուսանցքում հայտնվածների քննադատության լուսանցքում է մնում քաղաքական բանավեճի ողջ բովանդակային մասը, և քաղաքական բանավեճի նշաձողը հայտնվում է զրոյական կետում։ Մարդիկ իրենց ձախողումն արձանագրելու և դրանից հետևություն անելու փոխարեն դիմացինի գործողություններում «կեղտ բռնելով» են զբաղված, իսկ այս պարագայում անգամ մարդկային բանականության մասին խոսելն անիմաստ զբաղմունք է։ 

Արդյո՞ք այս անհանդուրժողականության մթնոլորտն ու քաղաքական անտոգոնիզմը հաղթահարելի են կողմերից յուրաքանչյուրին բավարարող արդյունքով, թե՞, այնուամենայնիվ, պարտվածների ագրեսիան տանում է իրավիճակից հաղթանակ-պարտություն ելքին, որտեղ առաջին անգամ պարտվածը պարտվելու է նաև երկրորդ անգամ։ 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել