Aysor.am-ը գրում է.

Համացանցը հրաշալի հնարավորություն է ընձեռում տեղեկացված լինելու աշխարհի տարբեր անկյուններում ամեն վայրկյան տեղի ունեցող իրադարձություններից, սակայն մեր օրերում անվերահսկելի դարձած ինֆորմացիոն տեղատարափը ոչ միշտ է, որ համապատասխանում է իրականությանը:

Օրերս հերթական «գույժը» տարածվեց՝ մահացել է սիրված սպորտսմեն, տարբեր ֆիլմերից ու սերիալներից հայտնի Էրիկ Օհանյանը: Առաջին հայացքից սա, պարզապես, հերթական «լայքամուրությունն» է, սակայն մոռանում ենք մուրացողի համար զոհ դարձածների հարազատների զգացմունքների և հոգեվիճակի մասին: Ի վերջո, նրանցից շատերը համացանցային խաբեություններից այնքան էլ տեղյակ չեն, ու ցանկացած լուր, այն էլ ճանաչված մարդուն առնչվող, իրականություն է ընկալվում:

Էրիկի «մահվան» լուրն էլ, Աստված մի արասցե, կարող էր ճակատագրական դառնալ նրա մայրիկի համար:

«Առաջին սթրեսը մայրս է տարել, ով ապրում է Մոսկվայում: Ինքը ֆեյսբուքում գրանցված չի, չգիտի էլ, թե դա ինչ բան է: Այնտեղ իր գործընկերներն են կարդացել ու հենց մայրս հասել է աշխատավայր, ասել են՝ տիկին Լիդա ջան, էս ինչ ենք լսել, ճիշտ ե՞ն գրում: Մորս հետ հեռախոսով խոսելիս չէր հավատում, որ ես եմ, ասում էր՝ ասեք, տեսնեմ Էրիկին ինչ է եղել: Վատացել էր, աշխատողներից մեկն է հեռախոսը վերցրել ու շարունակել հետս խոսել: Ու հիմա ամենաշատը հենց դրա համար եմ ուզում գտնեմ, տեսնեմ՝ էդ որ մի, էլ չասեմ՝ ինչի «տղու» կամ «աղջկա» ձեռի գործն է», - Aysor.am-ի հետ զրույցում զայրույթով մանրամասնեց Է. Օհանյանը:

Կեղծ ու անհայտ պրոֆիլներով տարածված լուրերին, հատկապես, երբ նրանք տևական ժամանակ էկրաններին չերևացող աստղերին են վերաբերում, հանրությունը երբեմն այլ որակում է տալիս. ինքնափիար՝ սեփական անձի մասին հիշեցնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել