Ճիշտն ասած՝ դիտավորյալ երեկ չանդրադարձա Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լուրին, որպեսզի իրենց անսպասելիորեն մեծ ադրբեջանագետներ ու աշխարհաքաղաքական գիտակցած (անմիջապես այդ լուրերը լսելուց հետո) ու տարատեսակ պանիկյոր-սպեկուլյանտների պրոֆանացիաների ալիքը հանդարտվի։ Այսօր արդեն կարող ենք հանգիստ քննարկել թեման։ Եվ այսպես՝ ես կարծում եմ, որ Ալիևի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հիմքում նոր պատերազմական սրացում կազմակերպելու մոտիվն ամենաքիչ հավանական տարբերակներից մեկն է, ու դրա համար կան մի շարք լուրջ պատճառներ։

Նախ՝ պետք է հասկանալ, որ ցանկացած ընտրություն Ադրբեջանի պես ավտորիտար պետությունում տհաճ խնդիրներ է ստեղծում իշխող ռեժիմի համար, որովհետև սկսվում են միջազգային լուրջ պրեսսինգ ու քննադատություններ։ Սա հասկանալուց հետո պետք է նաև իմանալ, որ ընտրությունները նշանակվել են գարնանը, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլին։ Պետք է նաև իմանալ, որ նույն ժամանակամիջոցում նախագահական ընտրություններ են լինելու Ռուսաստանում, իսկ Հայաստանում վերջնականապես անցնելու ենք պառլամենտական համակարգի, ու ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը։ Ալիևի համար սա նշանակում է, որ նախ՝ համաշխարհային հանրության ու հատկապես Արևմուտքի ուշադրությունը սևեռված է լինելու Պուտինի վրա, ու Ադրբեջանը մնալու է ստվերում։ Ալիևի համար սա նշանակում է նաև այն, որ միջազգային պրեսսինգը նվազեցնելու է նաև այն փաստը, որ Հայաստանում իշխանությունը մնում է իր վիզավիի՝ Սերժ Սարգսյանի ձեռքում, ու Ալիևը հույս ունի, որ քննադատության դեպքում մատով ցույց կտան մեզ վրա, թե բա՝ տեսե՛ք, հայերն էլ նույնն են անում։

Երկրորդ մոտիվը հասկանալու համար պետք է իրավիճակին նայել Ադրբեջանի ներքաղաքական իրականության պրիզմայից։ Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շատ է խոսվում, որ աշնանն ընտրություններն անցկացնելու դեպքում մեծանում են ռիսկերը՝ կապված ընդդիմության հակազդեցության հետ։ Հնչում են կանխատեսումներ, որ ընդդիմությունը կկարողանա որոշակի հասարակական մոբիլիզացիա իրականացնել՝ օգտվելով Ադրբեջանի առաջին հաննրապետության 100-ամյակի էմոցիոնալ ֆոնից, որը մայիսին է, ինչպես նաև կա ադրբեջանական ընդդիմության առաջամարտիկների՝ բանտից ազատման հետ կապված ռիսկերը։ Սա իհարկե չի նշանակում, որ Ադրբեջանում ընդդիմությունը կարող է հաղթել, եթե ընտրություններն անցկացվեն աշնանը, բայց նշանակում է, որ Ալիևի ռեժիմի համար գլխացավանքն ավելի շատ կլիներ։ Չմոռանանք նաև այն մասին, որ վստահությամբ կարելի է պնդել, որ ապրիլին ընտրություններ անցկացնելը նշանակում է, որ Ալիևը շատ ինտենսիվ օգտագործելու է Ապրիլյան պատերազմի ռազմահայրենասիրական պաթոսը, քանի որ, ինչպես գիտենք, Ադրբեջանում Ապրիլյան պատերազմն արդեն հրամցրել են որպես մեծագույն հաղթանակ, որն իր մասշտաբներով երրորդն է Գավգամելայի ու Ստալինգրադի ճակատամարտերից հետո, ինչը, ի դեպ, տարօրինակորեն զուգադիպում է սասնածռիստական զառանցանքների հետ, բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ։

Վերջապես եկեք նաև խոսենք կոնկրետ պատերազմի հեռանկարների ու դրանց վրա այս որոշման ազդեցության մասին։ Հազարերորդ անգամ կրկնվեմ, բայց, սիրելի՛ հարգելիներ, պատերազմը չի էլ ավարտվել, որ նորից սկսվի, իսկ երբ ավարտվի էլ, այն վերջինը չի լինելու։ Մենք դեռ շատ ենք գզվրտվելու մեր հարևանի հետ։ Սիրելի՛ հարգելիներ, Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը (ի դեպ՝ մենք էլ) ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ Մաքսիմումը, որին պատրաստ է Ադրբեջանը, սահմանափակ մասշտաբներով միկրոպատերազմն է՝ Ապրիլյանի օրինակով, իսկ նման ռազմական ավանտյուրայում ինչ-որ հաջողություններ ունենալու համար խիստ կարևոր է անակնկալի գործոնը (ինչը մասամբ հաջողվեց 2016-ի ապրիլին)։ Պետք է իմանալ, որ բոլոր ընտրությունների ու նշանակալից ներքին զարգացումների ժամանակ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում զորքերը բերվում են զգոնության ավելի բարձր աստիճանի, ինչը գրեթե անհնարն է դարձնում հակառակորդին անակնկալի բերելու շանսերը։ Բացի դրանից՝ նույն ընտրությունների տրամաբանությամբ ոչ թե ընտրվում են, իսկ հետո պատերազմ են սկսում, այլ՝ հակառակը։ Ընտրվելուց հետո կայունությունն է ավելի առաջնային։

Այնպես որ, թուլացե՛ք։ Մենք, իհարկե, դեռ պատերազմելու ենք Ադրբեջանի հետ ու, ամենայն հավանականությամբ, մի քանի անգամ, բայց շատ քիչ հավանական է, որ Ալիևի ընտրությունների ժամանակի փոփոխությունը որևէ էական ազդեցություն ունենա դրա համար ու առավել ևս՝ դրանով պայմանավորված լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել