Yerkir.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ եթե իրենց բողոքի ակցիաները չլինեին արտահերթ նիստ չէր լինի: Խարոհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց նա:

«Ես կարծում եմ, որ եթե այդ բողոքի ակցիաները չլինեին արտահերթ նիստ չէր լինի: Հիմա չի բացառվում, որ բացի «Ծառուկյան» դաշինքից այլ պատգամավորներ էլ կմիանան ստորագրահավաքին: Միայն նրանց պատգամավորների միանալը բավարար է արտահերթ նիստ անելու համար, բայց բոլորին էլ պետք է առաջարկենք, և չի բացառվում, որ հենց հանրապետականներն էլ միանան»,- ընդգծեց պատգամավորը: Նա հայտարարեց, որ իրենց գործողությունները տվել են կոնկրետ արդյունք:

«Հիմա պետք է այնպես անել, որ արտահերթ նիստին գան գրանցվեն, քվորում լինի և այդ օրը քննարկման արդյունքում գանք այն եզրահանգմանը, որ այդ փոփոխությունները կատարվեն»,- ասաց նա:

Նշենք, որ թանկացումները չեղարկելու համար «Ելք»-ն առաջարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ անել: Թանկացումները մեղմելու թեմայով խորհրդարանական լսումներին էլ անդրադառնալով` պատգամավորը նշեց, որ այն որևէ խնդրի լուծում չի տվել:

«Իրենք անցկացրեցին լսումներ և խայտառակ եղան այդ լսումներով: Իշխանության փաստարկները ՀՀ քաղաքացիներին ուղղված ձեռառնելիք էին: Տեսաք, որ լսումների ժամանակ ելույթները կրճատեցին: Մեզ 2-րդ ելույթից հետո էլ խոսքի իրավունք չտրվեց: Եթե այդպես ուժեղ լսումներ անող էին թող իրենք էլ խոսեին, մենք էլ»,- ասաց նա:

Հարցին` «Ելք»-ը երեկ մարդկանց տուն ուղարկեց, սա չի՞ նշանակում, որ մարդիկ հիասթափվում են, Մարուքյանն ասաց. «Իսկ ԵԼՔ-ը մարդկանց կանչել էր հանրահավաքի, երթի, և ասել` տուն չեն գնալու՞: Կանչել էինք, որ հանրային ճնշում կիրառեին իշխանությունների վրա: Մենք մարդկանց ասել ենք, որ գումարում ենք արտահերթ նիստեր: Սա գործողությունների ժամակացույց է և շարունակում ենք հունվարի 19-ի գործողությունները»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք երկու հարթակներն էլ օգտագործում են հարցի լուծման համար` թե փողոցային պայքարը, թե խորհրդարանական հարթակը:

«Մենք երկու հարթակներն էլ օգտագործում ենք, երբ ուզենք ցույց կանենք, երթ կանենք, երբ գտնենք ճիշտ այլ ակիցա կանենք և մնացած ժամանակ խորհրդարանում մեր մանդատները կաշխատացնենք, ինչն էլ անում ենք»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել