«ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` համաձայնագիրը ստորագրվել է, դրանից հետդարձ չեմ կանխատեսում, ամեն բան, կարծում եմ, տեղի կունենա ժամանակին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներին:
 
Նա նշել է, որ չնայած Հայաստանը հրաժարվել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի նոր համաձայնագիր ստորագրվի: «Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար»,- ասել է պատգամավորը:
 
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ նման համաձայնագրի վավերացման գործընթացները թե՛ ԵՄ-ում, թե՛ մյուս կողմում սովորաբար այնքան են երկարաձգվում, որ դժվար է ասել, թե ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետն ո՞ւշ է, թե՞ ոչ: Ըստ նրա՝ բնականաբար, ցանկության և քաղաքական նպատակահարմարության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել վավերացման գործընթացը:
 
«Սակայն հայկական կողմը, ինչպես երևում է, հաշվի է առնում, որ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը կարող է ձգձգվել, ուստի առանց շտապողականության կենտրոնանում է ներքաղաքական փոփոխությունների վրա, որին ԵՄ-ն դեմ չէ, կարծես այս հարցի վերաբերյալ կողմերը կոնսենսուս ունեն: ԵՄ-ն հասկանում է, որ միայն փոփոխություններից հետո Հայաստանը կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները, հավելյալ ճնշումներ ԵՄ-ն կիրառել չի ցանկանում, գլխավոր որոշումները թողել է Հայաստանի հայեցողությանը»,- ասել է նա: Կ. Զաշտովտի կարծիքով՝ իրերի նման դրությունը ձեռնտու է նաև ԵՄ-ին, որը ժամանակ է շահում, որպեսզի ԵՄ մյուս երկրները ևս հասցնեն վավերացնել համաձայնագիրը»,- գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել