Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրտվության բաժնից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ եւ արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջեւ աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը մեծապես հետաքրքրված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի սերտացմամբ եւ համագործակցության ընդլայնմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախագահը նկատել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 26 տարիների ընթացքում միջպետական հարաբերություններում առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել: Այդուհանդերձ, ըստ Հանրապետության Նախագահի, վերջին տարիներին հայ-մեքսիկական հարաբերություններում արձանագրված որոշակի ակտիվությունը հուսադրող է:

Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար եւ նշել, որ մտադրված է ակտիվ աշխատել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին եւ Մեքսիկային միավորում են ընդհանուր բազմաթիվ սկզբունքներ ու արժեքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կառույցներում հայ-մեքսիկական համագործակցությանը: 

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի առաջընթացը:

Հանրապետության Նախագահը եւ Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերություններում կարեւորել են Մեքսիկայի հայ համայնքի դերը, որը, ըստ նրանց, չնայած այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն իր ուրույն տեղն ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել