Իր հանդիսատեսին միշտ զարմացնող և միշտ հետաքրքիր ոճում ներկայացող երգչուհի Սոֆի Մխեյանն այս անգամ էլ անակնկալ ունի, որը, ի դեպ, շարունակական բնույթ է կրելու: Երգչուհին  օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում կիսվեց մի քանի լուսանկարով, որոնք մակագրեց. «Հետևեք ինձ, եղեք շատ ակտիվ եւ շատ շուտով ամեն բան կիմանաք»: Մինչ երկրպագուները փորձում էին գուշակել՝ ինչ է սպասվում, այսօր՝ առաջին անակնկալի բացահայտման օրը, երգչուհին մանրամասներ է պատմել BlogNews.am-ին. «Այս տարի որոշումս հստակ էր՝ տարին սկսել բավականին ակտիվ և հետաքրքիր նորություններով: Այն մարդիկ, ովքեր հետևում են իմ գործունեությանը, վստահաբար անակնկալների պակաս չեն զգա: Այս նախագծի ձևաչափի ցանկությունը երեք տարի է պտտվում է գլխումս, բայց անընդհատ հետաձգվում էր: 2018-ն այդ նախագծի իրականացման տարին է: Այսուհետ յուրաքանչյուր ամիս հետաքրքիր նորությամբ ներկայանալու եմ իմ հանդիսատեսին՝ երգ, տեսահոլովակ, ֆոտոշարք, հայտնի երգի cove կատարում… և այս ամենը 2018 թվականի յուրաքանչյուր ամսվա վերջին օրը»: 

Ժամեր հետո կարող եք վայելել երգչուհու խոստացած առաջին անակնալը, որը կլինի երգի տեսքով, սակայն մի քիչ տարբերվող. «Երաժշտական հոլովակ է լինելու՝ երգի խոսքերով (lyrics video): Նման ձևաչափն արված է, երգն  ավելի մատչելի դարձնելու համար: Սա ձևաչափ է, որը շատ հայտնի է ամբողջ աշխարհում»:

«Չեմ ուզում». այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակները Նիկ Էգիբյանը և Սոֆին են, իսկ խոսքերը գրել է Հասմիկ Մուրադյանը: Հատուկ երգի համար արվել է ֆոտոսեսիա, որի հեղինակը լուսանկարիչ Լոնն է:

Վերջաբանի համար նշենք, որ երգչուհին յուրաքանչյուր ամսվա վերջին նոր անակնալ է մատուցելու: Ավելի տեղեկացված լինելու համար հետևեք նրա սոց ցանցերին:   

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել