Armenpress.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված` դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման  հետ կապված թե դեմ և թե կողմ արտահայտվողների դիրքորոշումները առանձին դեպքերում ընդունելի են: Այստեղ չափազանց կարևոր է հավասարակշռված կարգավորումներ գտնելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:

-Տիկին Հովհաննիսյան, փաստաբանների պալատի խորհրդի անդամները իրենց մտահոգություններն են հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված` դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման առնչությամբ: Արդյոք բացակայում է փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագիծը տուգանքի միջոցով զսպելու անհրաժեշտությունը:

- Հարցին միանշանակ պատասխան տալը, թերևս, դժվար կլինի, որովհետև ինձ համար առանձին դեպքերում ընդունելի են թե՛ դեմ, և թե՛ կողմ արտահայտվողների դիրքորոշումները, դրանց հիմքում դրվող փաստարկները։ Այստեղ չափազանց կարևոր է հավասարակշռված կարգավորումներ գտնելը։

Նախ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ է հետապնդում փաստաբանի կամ առհասարակ դատավարության մասնակցի կամ դատարանի դահլիճում ներկա այլ անձի նկատմամբ սանկցիայի կիրառումը։ Հենց նախագծում նախատեսվել է, որ դատական սանկցիաները կոչված են ապահովելու դատական իշխանության բարձր հեղինակությունը, ինչպես նաև դատական նիստի և դատարանի գործունեության բնականոն ընթացքը։ Ի սկզբանե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նպատակներից է եղել դատավորների ներքին և արտաքին անկախության ապահովումը։ Այս երաշխիքը ինքնանպատակ չէ, այլ նպատակ ունի ապահովելու արդարադատության անխաթար իրականացումը անկախ և անաչառ դատարանի կողմից։ Ավելին, պետք է նշեմ, որ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի կիրառումը ընդունված պրակտիկա է ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Էստոնիան, Լիտվան և այլն։ Սակայն մյուս կողմից այս իրավաչափ նպատակի իրացմանն ուղղված կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ բացառեն փաստաբանի անկախության հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները։

- Փաստաբանները նաև նշում են, որ ոչ բարեխիղճ դատավորը կարող է կաշկանդել փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը և անկախությունը, քանի որ դատարանի կողմից դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: Այս առումով ի՞նչ կարող եք ասել:

- Նախ, ոչ բարեխիղճ դատավորի նկատմամբ ևս զսպող մեխանիզմներ կան. խոսքն առաջին հերթին վերաբերում է կարգապահական պատասխանատվության ինստիտուտին։ Ինչ վերաբերում է նրան, որ սանկցիա կիրառելու մասին որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, այս առումով ինչ-որ չափով կարող եմ կիսել առկա մտահոգությունները և գտնում եմ, որ այս հարցը դեռևս պետք է քննարկման առարկա դարձնել, քանի որ կարգավորումներից յուրաքանչյուրը ունի թե դրական և թե բացասական կողմեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել