Համարվում է, որ պատմության մեջ ամենաերկար գրանցված պաշարումը տեղի է ունեցել Կանդի ամրոցի շուրջ, որը հիմա հունական Հերակլիոնն է: 21 տարի Օսմանյան 60 հազարանոց զորքը բլոկադան պահել էր, բայց չէր կարողացել մուտք գործել մի ամրոց, որտեղ Վենետիկյան ասպետները (իրականում գողերը), սուլթանի նավերը թալանելուց հետո 10 հազարանոց բանակով դիմադրում էին: Պաշարման ավարտին եվրոպացիքից մնացել էր մոտ 3000 մարդ, սակայն թուրքերը ստիպված էին ոչ միայն թույլ տալ նրանց լքել տարածքը, այլ նաև հետները տանել գողոնը:

Իրականում կա առնվազն ևս մեկ պաշարում, որը էլ ավելի երկար է տևել: Մարոկկոյի Սուլթան Իշմայիլը երկու անգամ պաշարել էր իր երկրում գտնվող, բայց իսպանացիքի կողմից վերահսկվող Սյուտա ամրոցը: Առաջինը 26 տարի տևեց, երկրորդը՝ 6: Առաջինը տապալվեց, քանի որ Իսպանիան ամեն դեպքում կար ու օգնում էր, իսկ երկրորդը տապալվեց, քանի որ Սուլթանը մահացավ, և նրա ժառանգները սկսեցին իրար դեմ կռվել: Իսպանացիք մինչ օրս վերահսկում են վերոհիշյալ քաղաքը, վենետիկցիք էլ ամեն դեպքում վերադարձան տուն:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը պաշարված ամրոց է: Իշխանությունը, դա գիտակցելով, փորձում է ավելի խորը խրամատներ փորել և ավելի բարձր պատեր կառուցել: Դա գաղտնիք չէր նաև հարյուր տարի առաջ՝ առաջին հանրապետությունը ստեղծողների համար: Բավարար է քարտեզին նայել ու ակնհայտ կլինի, որ մեր սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ ավարտվում են լեռները:

Միջին դարերում եվրոպական գյուղերի բնակչությունները հարձակման ժամանակ բարձրանում էին լեռան գագաթին գտնվող ամրոց ու փորձում էին դիմադրել: Արդյունքը կանխորոշում էին բազմաթիվ գործոններ՝ Իսպանիայի և Վենետիկի նման դաշնակիցներ ունենալը, արտաքին պատերի և դարպասների ամրությունը, սննդի ու սանիտարական ենթակառուցվածքների առկայությունը, պաշտպանվող զորքի որակն ու տեխնիկական հագեցվածությունը: Սակայն ամենակարևոր գործոնն ամրոցում գտնվող բնակչության հետևողականությունն ու կարգապահությունն էր:

Հարձակվելիս գրոհող զորքերի հրամանատարներն ուշադրություն էին դարձնում ոչ միայն սեփական զորքի քանակին, որակին, սպառազինությանն ու պարենին, այլ նաև հետախուզական հնարավորություններին: Հույժ կարևոր էր ունենալ դիվերսիոն խմբեր, որոնք կկարողանային շարքից հանել հակառակորդի առանցքային հրամանատարներին, թունավորեին ջուրը, նպաստեին հիվանդությունների տարածմանը, և իհարկե, անհրաժեշտ տրամադրություններ ստեղծեին բնակչության շրջանում: Միշտ հնարավոր էր գտնել նրանց, ովքեր, ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, համոզում էին շրջապատին, որ ճիշտը հանձնվելն է: Հայերիս մեջ էլ են նման մարդիկ շատ եղել ու հաճախ հաջողել են՝ համոզել են, հանձնվել են: Պատմաբանները հետին թվով արձանագրել են այն կորուստները, որ հայկական պետականությունն ու ժողովուրդը կրել են յուրաքանչյուր պարտություն-հանձնվելուց:

Մյուս տարի, եթե Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչվի, մենք իսպանացիքի ռեկորդն էլ կխփենք: Ու բոլորս հասկանում ենք, որ դեռ բազմաթիվ ռեկորդներ ենք ստիպված լինելու խփել: Երևի անպայման չի մեր հանձնվողների հետ վերաբերվել այնպես, ինչպես դա անում էին միջնադարում, բայց հարցն անտեսելն էլ է սխալ: Ուշ թե շուտ դանակը հասնելու է ոսկորներիս, ավելի լավ է՝ հիմա էդ հարցով զբաղվենք, որ հետո ստիպված չլինենք շատ ծանր որոշումներ կայացնել: Մենք դաշնակից չունենք, դիմացներիս սուլթանն էլ ու նրա դաշնակիցներն էլ ահագին առողջ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել