«Ժամանակ». Թրամփը Դավոսում մատը դրեց Հայաստանի խնդրին
«Երեկ շվեյցարական Դավոս քաղաքում ավարտվեց համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը, որն ամեն տարի հունվարին այդ քաղաքում է հավաքում համաշխարհային տնտեսական և քաղաքական էլիտաներին՝ միջազգային կարևոր խնդիրներ քննարկելու և տնտեսական ուրվագծեր սահմանելու համար: Դավոսի համաժողովին տասնամյակի դադարից հետո մասնակցեց նաև Հայաստանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով: Հայաստանի մասնակցության մասով առանձնապես մեծ ուշադրության արժանի տեղեկատվություն չկա, գուցե ի հայտ գա ժամանակի ընթացքում, իսկ Դավոսի համաժողովը, ըստ էության, եզրափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ելույթը իրապես հետաքրքիր էր և ուշագրավ, այդ թվում՝ Հայաստանի համար:
Դոնալդ Թրամփն իր ելույթում կրկնել է նախընտրական իր փիլիսոփայություն-կարգախոսը՝ «Նախևառաջ Ամերիկան», բայց միաժամանակ ասել, թե դա չի նշանակում մեկուսացում, պարզապես, եթե ԱՄՆ համար վիճակը լավ է, եթե ԱՄՆ-ը զարգանում է, ապա զարգանում է աշխարհը: Ըստ էության, Դոնալդ Թրամփը Դավոսում, որն այս տարի անցել է միասին ապագա կառուցելու նշանաբանով, հռչակել կամ շեշտադրել է ԱՄՆ համաշխարհային լիդերությունը, իհարկե՝ ձգտելով լինել դիվանագիտական զգուշավորության մեջ և չվիրավորել այլ պետություններին:
 
Դոնալդ Թրամփի ելույթի առանցքային մտքերից մեկը ուղիղ նշանակություն ունի Հայաստանի համար: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նպատակներից մեկն է աշխարհում դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը, որպեսզի ոչ մի երկիր կախված չլինի մեկ մատակարար աղբյուրից: Այդ հանգամանքը կարծես թե հայաստանյան իրավիճակի ուղիղ բնորոշում է և ստացվում է, ուղղակի թե անուղղակի, որ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ նպատակի ծիրում: Ինչ կամ ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կոնկրետ Հայաստանի համար ապահովել դիվերսիֆիկացում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել, առավել ևս, որ նույնիսկ հստակ չէ, թե արդյո՞ք Թրամփի հայտարարությունը ենթադրում էր հասցեական աշխատանք յուրաքանչյուր, այսպես ասած, կարիքավոր երկրի հետ առանձին, թե՞ Նահանգների նախագահը խոսում է ընդհանուր միջազգային քաղաքականության մասին, որով փորձ կարվի ստեղծել հնարավորություններ, իսկ դրանից օգտվելը արդեն կլինի յուրաքանչյուր երկրի գործն ու որոշումը:
 
Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե Հայաստանն արդյո՞ք կօգտվի դրանից: Մասնավորապես, արդյո՞ք Երևանը կսկսի աշխատել Նահանգների հետ՝ հռչակված նպատակի շրջանակում, էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Թե՞ Երևանը կհայտարարի, որ դիվերսիֆիկացիան առկա է և կա իրանական գազամուղ: Դա, իհարկե, այդպես է, սակայն Հայաստանն իրանական գազամուղին զուգահեռ՝ ունի «Գազպրոմի» հետ հայտնի պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ դե յուրե դիվերսիֆիկացվածությունն արդյո՞ք դե ֆակտո նույնպես առկա է: Իսկ սա մեծ հարց է:
 
Միևնույն ժամանակ, այդպես էլ անպատասխան մնաց այլ հարց՝ Հայաստանն ի՞նչ ինտենսիվ քայլեր է կատարում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումային ներուժի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն իրականություն դարձնելու կամ գոնե առարկայական քննարկումների դաշտ բերելու համար: Ի վերջո, վերականգնվող էներգետիկան ևս դիվերսիֆիկացիա է, և այս իմաստով ԱՄՆ-ը նույնիսկ Թրամփի ելույթից ամիսներ առաջ է, փաստորեն, կոնկրետ հեռանկար արտահայտել Հայաստանի համար: Իսկ վերականգնվող էներգետիկան, արևային էներգետիկան արդեն ոչ միայն դիվերսիֆիկացիա է, այլ, ըստ էության, ինքնաբավություն, այսինքն՝ զուտ դիվերսիֆիկացիայից մի քանի քայլ առաջ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել