Armtimes.com-ը գրում է.

Մի քանի օր առաջ լրացավ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության մեկ տարին: Թրամփի մեկամյակի, համաշխարհային քաղաքականության վրա նրա ազդեցության եւ հայ-ամերիկայն հարաբերությունների մասին է «Հայկական ժամանակ»-ը զրուցել քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ.

Պարոն Սարգսյան, լրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջինտարին։ Ի՞նչ արտաքին մարտահրավերներ այսօր ունի ԱՄՆ-ն եւ արդյո՞ք ճիշտ է այնկարծիքը, որ Թրամփը տապալել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ 

- Հանուն արդարության պետք է նշենք, որ արտաքին քաղաքական մարտահրավերների առյուծի բաժինը Թրամփը ժառանգել է։ Աֆղանստանի պատերազմը ԱՄՆ պատմության ամենաերկարատեւ պատերազմն է։ Սիրիական ճգնաժամը, արաբական գարունների հետեւանքները, Իրաքի խնդիրը, Իսլամական Պետության ստեղծումն ու համաշխարհային ահաբեկչությունը նույնպես Թրամփի «ձեռքբերումները» չեն։ Կորեական ճգնաժամը, իսրաելա-պաղեստինյան խնդիրն ու Իրան-ԱՄՆ հարաբերությունները ավելի հին են, քան Թրամփի քաղաքական կարիերան։ ԱՄՆ-Ռուսաստան «երկրորդ սառը պատերազմը» առավելապես Օբամայի նախագահության վերջին տարիներին սրված հարաբերությունների արդյունք է։ Ուկրաինայի, Վրաստանի, նույնիսկ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր ներգործությունը դժվար թե հնարավոր լինի կապել Թրամփի նախագահության, նրա գործունեության, կամ անգործության հետ։ Կուբայի, Իրանի հարաբերությունները Վաշինգտոնի հետ նույնպես Թրամփի աշխատանքի արդյունք չեն։ Չնայած Օբաման փորձեց դրանք կարգավորել՝ Թրամփի բնորոշմամբ «խայտառակ» զիջումների գնով։ Հիշատակված բոլոր մարտահրավերներին փորձել են դիմակայել ԱՄՆ տասնյակ նախագահներ, ովքեր, ինչպես տեսնում ենք, առանձնապես մեծ հաջողություններ չեն արձանագրել։ Այդ առումով Թրամփին մեղադրել արտաքին քաղաքականության տապալման մեջ, առնվազն արդար չէ։

Արդյո՞ք Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը եւ ԱՄՆ դեսպանությունը այնտեղտեղափոխելը արտաքին քաղաքական ճիշտ հաշվարկ էր։

- Ինչպես տեսանք, ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմի ճանաչման հետեւանքները այդքան էլ ահասարսուռ չէին, որքան կանխատեսում էին որոշ փորձագետներ։ ՄԱԿ-ում եղան քննարկումներ, ԱՄՆ որոշումը քննադատվեց, նույնիսկ բոյկոտվեց, սակայն դրանից ոչինիչ չփոխվեց եւ ըստ տեղեկությունների, հաջորդ տարի ԱՄՆ-ն արդեն դեսպանություն կունենա Երուսաղեմում։ Պարզապես ԱՄՆ-ն իրականացրեց իր ռազմավարական դաշնակցի խնդրանքը, փոխարենը հնարավորություն ստանալով իրականացնել տարածաշրջանային իր քաղաքականությունը հենց Իսրայելի ձեռամբ։ 

Պարոն Սարգսյան, Թրամփը այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ արտերկրում, մասնավորապես ԱՄՆ դաշնակից երկրներում, ինչպիսիք են ՄեծԲրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ այլն։ Արդյո՞ք սա չի նշանակում ԱՄՆազդեցության թուլացում ամբողջ աշխարհում։

-Թրամփն ամերիկացի ժողովրդի կողմից ընտրված օրիանական նախագահ է։ Նրա լեգիտիմության վերաբերյալ որեւէ վերապահում չկա։ Թրամփը ներկայացնում է իր ժողովրդին եւ ամերիկացիներն են որոշել թե ով պետք է ներկայացնի իրենց՝ արտաքին աշխարհում։ Հետեւաբար ցանկացած օտարերկրյա պետություն, որքան էլ վերապահում ունենա Թրամփի անձի նկատմամբ, պարտավոր է հաշվի նստել գերտերության ժողովրդի ներկայացուցչի հետ։ Պետք է նաեւ ի նկատի ունենալ, որ Թրամփի վարկանիշը, ըստ տարբեր հարցումների տատանվում է 38-42% շրջանակներում, ինչը ցածր ցուցանիշ է, սակայն Թրամփը դեռ երեք տարի ունի առջեւում։ Միաժամանակ Թրամփի օրոք ամերիկյան տնտեսության մեջ դրական տեղաշարժեր են նկատվում, ինչը շարքային ամերիկացին տեսնում եւ գնահատում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել