Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի քանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորների փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։ Արդյո՞ք գրեթե 2 անգամ պակաս շարժակազմով հնարավոր կլինի սպասարկել մայրաքաղաքի բնակչությանը՝ մատուցելով որակյալ ու հուսալի ծառայություն։ Այո՛, քանի որ շարժակազմի թվաքանակի կրճատումը չի հանգեցնելու հասարակական տրանսպորտի դեֆիցիտի։ Ավելին՝ ուղևորափոխադրումն ավելի հարմարավետ, անվտանգ ու արագ  է կազմակերպվելու։ Դա հնարավոր է դառնալու օպտիմալ լուծումների ու ցանցի խելացի նախագծման արդյունքում։

Ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միջոցներից 1423-ը միկրոավտոբուսներ են, որոնց տեղատարողությունը 13 ուղևոր է (հաշվի առնելով այն հանգամանքը, որ արգելված է կանգնած ուղևորների փոխադրումը)։ Նոր ցանցում շահագործվող 939 փոխադրամիջոցները լինելու են բացառապես ավտոբուսներ՝ միակցված (տեղատարողությունը 150 ուղևոր), մեծ (90-100 ուղևոր) և միջին չափի (45-55 ուղևոր)։ Համապատասխան հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ  չնայած առկա շարժակազմի թվաքանակի կրճատմանը, ուղևորափոխադրումների խնդիր չի կարող առաջանալ (տե՛ս ինֆոգրաֆիկան)։

Սրան զուգահեռ հասարակական տրանսպորտի շարժակազմերի կրճատման արդյունքում կլուծվեն քաղաքի համար կարևոր մի շարք հիմնախնդիրներ՝ կկարգավորվի երթևեկությունը, կկրճատվեն խցանումները, կբարելավվի քաղաքի էկոլոգիական վիճակը օդի աղտոտվածության նվազման շնորհիվ, և, որ ամենկարևորն է, մարդիկ կերթևեկեն քաղաքակիրթ ձևով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել