Yerkir.am-ը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի կարծիքով` եթե ԳՁՕ պարունակող մթերքի գնային արժեքը շատ ավելի ցածր է, քան էկոմթերքինը, ապա պարզ է, որ ավելի առողջարար է էկոմթերք օգտագործելը:

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նա ասաց, որ հայտարարվում է, թե ԳՁՕ պարունակող սնունդն ավելի լայն կիրառություն ստացավ՝ պայմանավորված աշխարհում բնակչության թվի աճով: Ըստ պատգամավորի` աննախադեպ աճ այստեղ՝ Հայաստանում, չունենք, բայց սնվելու խնդիր ունենք: «Այսօր մեր երկրում կենսաապահովման և նվազագույն զամբյուղների գինը չի համապատասխանում, և այս տեսակի սննդամթերքի տարածումը խոցելի խավի համար դառնալու է մի նոր պատմություն»,- ասաց նա:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը ի պատասխան նշեց, որ թեև քիչ են այն երկրները, որոնք մշակում են  նման մթերք, սակայն դրանք շատ հեկտարների վրա են մշակվում, հետևաբար` կարողանում են այլ երկրներ արտահանել:

Նա կոչ արեց, որ ազգաբնակչությունն ինչքան հնարավոր է տեղական ծագման սննդամթերք օգտագործի: «Մենք ունենք լավագույն մշակբույսերի սերմեր ՀՀ-ում: Ինքնարժեքով գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, իհարկե, էժան կլինի, որովհետև բերքատվությունը բարձր է, բայց ես կոչ կանեի, որ մեր կանայք մտածեն ազգի ֆիզիկական ավելացման մասին, աճի մասին, իսկ սննդամթերքի տեսանկյունից` ՀՀ-ում որևէ վտանգ չկա այս պահին` կապված սովի հետ: Գուցե սպառողական զամբյուղի հետ կապված կա, բայց անապահով խավն էլ պիտի մաքուր սնունդ օգտագործի, բնականաբար»,- ասաց Հարությունյանը:

Լուիզա Սարգսյանն արձագանքեց, որ բավարար սննդամթերք Հայաստանում կա, սակայն մարդիկ այն գնելու հնարավորություն չունեն, գնաճն էլ մի կողմից է դրան նպաստել: «Ստացվում է՝ էկոմթերքով սնվելու են միայն հարուստների երեխաները»,- նշեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել