Ներկայացնում ենք «Ռաֆայելլո» տորթի բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

Բիսկվիթ

  • Կոկոսի քերուկ՝ 350 գ
  • Ձու՝ 6 հատ
  • Շաքարավազ՝ 350 գ
  • Աղ՝ 1 պտղունց

Կրեմ

  • Սպիտակ շոկոլադ՝ 500 գ
  • Առնվազն 30%-անոց սերուցք՝ 750 մլ
  • Կոկոսի քերուկ վրան լցնելու համար՝ 50 գ

Պատրաստումը՝

1. Մանրացնում ենք սպիտակ շոկոլադը: Սերուցքը հասցնում ենք եռման վիճակի: Վրան լցնում ենք շոկոլադը և խառնում, մինչև շոկոլադը լրիվ լուծվի: Փակում ենք կափարիչով և 5-6 ժամով դնում սառնարանը:

2. 40X60 սմ չափի ձևամանի մեջ թխելու թուղթ ենք դնում, վրան կարագ քսում: Մի կողմ ենք թողնում:

3. Կոկոսով բիսկվիթի համար հարում ենք ձվերը, ավելացնում ենք աղը, շաքարավազը, խառնում ենք, դնում ջրային գոլորշու վրա, անընդհատ խառնելով հասցնում ենք 60 աստիճան ջերմաստիճանի:

4. Ձվի և շաքարավազի խառնուրդը լցնում ենք հարիչի ամանի մեջ և հարում ենք, մինչև փարթամ փրփուր ստացվի, հարելիս խառնուրդը պետք է սառչի մինչև սենյակային ջերմաստիճան:

5. Ձվի և շաքարավազի խառնուրդին ավելացնում ենք 350 գ կոկոսի քերուկը: Բիսկվիթային խմորը լցնում ենք պատրաստի ձևամանի մեջ, հարթեցնում ենք: Թխում ենք 180 աստիճանով 10-15 րոպե:

6. Պատրաստի բիսկվիթը հանում ենք ջեռոցից, թողնում՝ մոտ 10 րոպե սառչի: Կտրում ենք ձևամանի ծայրից և դնում փայտե տախտակի վրա, թուղթը հեռացնում ենք:

7. Սառնարանից հանում ենք սերուցքի և շոկոլադի խառնուրդը, մեծ արագությամբ հարում ենք, մինչև հարթ նուրբ կրեմ ստացվի: Չափից շատ չհարեք: Կրեմը պատրաստ է:

8. Տորթը հավաքում ենք 20 սմ տրամագծով կիսագնդաձև: Դրա համար խմորից շրջան ենք կտրում: Մի կողմ ենք դնում:

 

9. Տարայի մեջ սրբիչ ենք դնում, սրբիչի վրա՝ ձևամանն այնպես, որ ձևամանն ամուր մնա: Խմորից կտրում ենք տարբեր չափի կտորներ, դրանցով պատում ենք ձևամանը:

10. Խմորի վրա մոտ 2 սմ-անոց շերտով կրեմ ենք լցնում: Խմորից հարմար չափի շրջան ենք կտրում, դնում ենք կրեմի վրա, վրայից՝ կրեմի մոտ 1,5 սմ-անոց շերտ:

11. Խմորից նորից շրջան ենք կտրում, դնում ենք կրեմի վրա, վրան՝ կրեմի 1,5 սմ-անոց շերտ: Խմորից ևս մեկ շրջան ենք կտրում, դնում ենք կրեմի վրա:

12. Նորից կրեմ, շրջան, մինչև վերև կրեմով ենք պատում: Ծածկում ենք նախապես ձևամանի չափով կտրված խմորով:

13. Տորթը շրջում ենք մատուցման ափսեի վրա: Սեղմում ենք և հեռացնում ձևամանը:

14. Տորթը պատում ենք մնացած կրեմով և վրան ցանում ենք կոկոսի քերուկը: Դնում ենք սառնարան առնվազն 10 ժամով:

15. Տորթը հանում ենք սառնարանից և մատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել