Փետրվարի 12-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկում է նոր՝ 24 մասից բաղկացած «Վերջին գործարքը» կրիմինալ դրաման: Այս ժանրն ամենաճանաչվածն է ֆիլմարտադրության մեջ և կենտրոնացած է հանցագործությունների բացահայտման վրա: Ֆիլմը ոճային առումով տարբերվում է, քանի որՀայաստանում նման ֆիլմեր քիչ են նկարահանվում:

«Վերջին գործարք»-ի ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է: Սցենարի հեղինակներն են՝ Դավիթ Զոհրաբյանը, Արթուր Մկրտչյանը և Նարեկ Ավագյանը:

Ի դեպ` նախաբանի համար նշենք, որ Դավիթը և Արթուրը ռուսական կինոարտադրության համար նման ֆիլմում նկարահանվելու փորձ ունեցել են. խոսքը «Правила охоты» սերիալի մասին է, որը ցուցադրվում էր Россия 2  հեռուստաալիքով:

BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում, զրուցել դերասանների, ռեժիսորի, սցենարիստների հետ, մասնակցել բարդ տեսարանների նկարահանումներին:

Ըստ սյուժեի՝ Ռուսաստանից հավաքվում է հանցավոր խումբ ինչ-որ մեկին թալանելու համար։ Թալանը տեղի է ունենում, և գողոնը հետո պետք է վաճառեն ոմն ամերիկաբնակ Ջոնի: Սա պատմություն է ոստիկանների և ավազակների բախման մասին: Ֆիլմի առաջնագծում ոստիկաններն են, ովքեր, հիանալի կատարելով իրենց մասնագիտական պարտքը, պայքարում են թալանի և գողության դեմ: Միևնույն ժամանակ այս ամենի մեջ կա սեր, ընտանիք, երեխայի հետ կապված խնդիրներ:

«Ռուսական ֆիլմը նկարահանելու փորձը մեզ կարծես ստիմուլ տվեց այս տեսակ ֆիլմ նաև Հայաստանում նկարահանելու համար: Ֆիլմում իհարկե կան բարդ տեսարաններ՝ կրակոցներ, պայթյուններ, բայց դերասանները հաճույքով աշխատում են»,- նշում է Արթուրը:

Բարդ տեսարանները նկարահանելու համար հրավիրվել են հատուկ մասնագետներ, ովքեր իրականացրել են պայթյունները և կրակոցները: Ֆիլմում կա տեսարան, որտեղ մեքենա է պայթում. «Յուրաքանչյուր աշխատանքի մեջ էլ բարդություն կա, բայց ամենակարևորը՝  պետք է սիրես քո արած աշխատանքը: Չէի ասի, որ այս ֆիլմն արյունոտ է, բայց զոհերը շատ են, ինչն իհարկե պարտադրում է ֆիլմի ժանրը: Ես և Արթուրը, երբ գրում էինք սցենարը, գիտեինք, որ շատ մարդ ենք կորցնելու, ինչը ֆիլմն ավելի դինամիկ է դարձնում»,- պատմում է ռեժիսորը։

«Վերջին գործարք»-ի դերասանական կազմում են՝ Օլգա Հակոբյանը, Մերի Հակոբյանը, Շողեր Թովմասյանը, Մովսես Երեմյանը, Ջոն Մակարյանը, Կառլոս Մուրադյանը և այլք: Դերասաններին ընտրելու համար մանրակրկիտ քասթինգ է արվել, իսկ մարտական տեսարաններում նկարահանվելու համար դերասանները պատրաստվածություն են անցել: «Դերասանը պետք է ճիշտ հագուստ կրի. եթե հագուստը չի համապատասխանում, նա չի կարող փայլել: Ես համարում եմ, որ դերասանի աշխատանքը ռեժիսորի խնդիրն է»,- եզրափակեց Արթուրը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել