Հարևանների հետ վիզային ռեժիմի չեղարկումն Իրանի արտաքին քաղաքական օրակարգային հարցերից մեկն է: Հարավային Կովկասում Հայաստանը միակն է, որը նախատեսված ժամկետում փոխադարձ պայմանավորվածությամբ չեղարկել է վիզային ռեժիմը, Վրաստանն առնվազն երկու անգամ մի շարք գործոններով պայմանավորված վերանայել է իր որոշումը, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ խնդիրն այլ է: Արդեն մի քանի տարի է, ինչ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը և նույն էլ ակնկալում է Բաքվից: Չնայած պաշտոնական Բաքվի՝ մի քանի անգամ տված խոստումներին, Ադրբեջանը դեռ չի պատրաստվում պատասխան քայլը կատարել, և դա հարուցել է իրանցի պատգամավորների դժգոհությունը: Մասնավորապես Ասթարայի ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վալի Դադաշին քննադատել է ԻԻՀ ԱԳ նախարարությանը՝ վիզային ռեժիմի հարցում Բաքվի հետ ոչ համարժեք քայլեր ձեռնարկելու մեջ:
Վիզային ռեժիմի հարցում Ադրբեջանի նման դիրքորոշումը հստակ ցուցիչ է առ այն, որ Բաքուն երկարաժամկետ առումով ամենևին էլ պատրաստ չէ Թեհրանի հետ խորացնել հարաբերությունները, իսկ ներկայումս Ադրբեջանի կողմից նախաձեռնած գործընթացները պարզապես իրավիճակային գործողություններ են, որոնք Թեհրանը բավականին արդյունավետ խաղարկում է և անհրաժեշտ պահին Բաքվին կարող է կանգնեցնել լուրջ երկընտրանքի առջև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել