«Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ և դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրև թե ագրեսիայի և Խոջալուի իբրև թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ և «բոցաշունչ» հարցին, խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում, և հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
 
Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձևերի խնդիր, որոնց իբրև թե չկատարման համար Բաքուն մեղադրում է Հայաստանին: Ընդ որում, Սարգսյանի պատասխանում կարևոր էր այն, որ նա փորձեց հայկական դիրքերը, այսպես ասած, կամրջել այդ հարցում և մատնանշեց նախկին իշխանության դիվանագիտական հմտության հանգամանքը, ինչը, անկասկած, կարևոր ազդակ էր առաջին հերթին միջազգային հանրությանն ու լսարանին՝ որպես Արցախի խնդրում հայկական պետականության որոշակի կուռ առանցքի արձանագրում, անգամ կարգավորման մոտեցումների վերաբերյալ տարբերության պարագայում:
 
Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությանը հղված ազդակների մասով Սերժ Սարգսյանը գոնե նվազագույն անհրաժեշտության մասով դիպուկ էր ու բավականին ամուր: Այստեղ թերևս խնդիրը, որ ուշադրության է արժանի, այլ տեղ է: Առանձին վերապահումներով, հաճախ նույնիսկ կոնցեպտուալ տարբերություններով, այդուհանդերձ, հայկական պետականության քառորդ դարի, հատկապես արցախյան պատերազմից հետո անցած երկու տասնամյակի ընթացքում Երևանն իր դիվանագիտության հարցում կարողացել է ապահովել նվազագույն մի շեմ, որից չի իջել երբեք և գործնականում կարողացել է կարևոր նշաձող ապահովել միջազգային հանրությանն ուղղված մեսիջներում:
 
Որպես կանոն, Հայաստանի առաջին դեմքերը միջազգային հարթակներում բավական դիպուկ, հանգամանալից և փաստարկված հակադարձել են ադրբեջանական հարցադրումները: Խնդիրն այլ տեղ է՝ արտաքին այդ մեսիջների ներքին սպասարկման հարցում:
 
Բանն այն է, որ նույն առաջին դեմքերը արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրված այդ դիպուկ պատասխանները ներսում փորձել են օգտագործել հանրության մոտ միավորներ հավաքելու, քարոզչության նպատակով: Ըստ այդմ, ներքին քաղաքականության դաշտում համալրվելու, լրացվելու, լրացուցիչ կամ հավելյալ քաշ հավաքելու փոխարեն, այդ պատասխանները դրվել են քարոզչական շրջանառության և մաշվել, ինչի շնորհիվ թուլացել է խորքային էֆեկտը և հայկական քաղաքականությունն ընդհանրապես: Հենց այստեղ է գլխավոր հարցը, որը պահանջում է լուրջ մոտեցում ու վարքագծի վերանայում:
 
Արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրվող դիպուկ պատասխանները պետք է շարունակվեն Հայաստանի ներսում ադեկվատ, արդյունավետ կառավարմամբ և ռեֆորմներով: Այլապես առաջանում է ներսի ու դրսի կտրվածքը, և պետական քաղաքականությունը մնում է կիսատ, որի հաշվին ընդամենն ամբողջանում է իշխանության արդեն խմբային շահերի սպասարկումը: Ներսի և դրսի այս հարաբերակցության շոշափելի և արագ փոփոխությունն է, որ կլինի ոչ միայն ամբողջական և ամենից ուժգին պատասխանը կամ հակադարձումը Ադրբեջանին, այլ ամբողջական քաղաքական-քաղաքակրթական մեսիջը միջազգային հանրությանը, երբ ադրբեջանական հարցադրումներից հետո ոչ միայն այլևս որևէ սկզբունքային կառույց չի էլ փորձի սպասել, թե ինչ է պատասխանելու Հայաստանը իրավիճակը գնահատելու համար, այլ որ մի կառույց սկզբունքորեն այլևս չի էլ հարկ համարի ադրբեջանական հարցադրումները լսելը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել