Tert.am-ը գրում է.


Ապագայում սերտ համագործակցություն է լինելու Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, ապագան այդ համագործակցությանն է: Այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթից հետո հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


«Ես կարծում եմ, որ մենք արդեն համատեղում ենք, և մենք կասկած չունենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացներին անդամակցելով կարելի է վստահորեն առաջ շարժվել»,- ասել է նա` պատասխանելով ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի մասնակցությունը համատեղելու մասին հարցին:


Սերժ Սարգսյանը նշել է, որ տարիների առաջ Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ բանակցությունների ժամանակաշրջանը համընկավ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի բանակցությունների հետ և ընդգծել է, որ երկու կողմերն էլ տեղյակ են եղել ընթացող բանակցային գործընթացների մասին:


«Ե՛վ Եվրասիական տնտեսական միության պատասխանատուները, և՛ Եվրամիության պատասխանատուները շատ հստակ գիտեին, որ երկու ինտեգրացիոն միավորումների հետ էլ ընթանում է բանակցային գործընթաց: Եվ սկզբնական փուլում և՛ մեկը, և՛ մյուսը ողջունում էր մեր մոտեցումը: Բայց եկավ մի ժամանակահատված, երբ Եվրամիության մեր գործընկերները համարեցին, որ անհնար է համատեղել այդ երկու ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը: Եվ մենք ստիպված եղանք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշում կայացնել, որովհետև Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված էր Եվրասիական տնտեսական միության տնտեսություններին, մենք ունեինք բազմադարյա հարաբերությունների պատմություն, բարեկամություն»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ բացի այդ, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` մինչև 80 տոկոսը կողմնակից էր Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել