«Ստատուս քվոն կայուն չէ, և ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, նախօրեին Փարիզի Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ դիտարկում է բանակցությունն առաջ տանելու հնարավորությունը: Մակրոնը հայտարարել է, որ լուծումը պահանջելու է համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ:
 
Ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում ղարաբաղյան հակամարտության մասով եղել է շատ ավելի սակավախոս: Սերժ Սարգսյանն ասել է, որ շնորհակալություն է հայտնել Մակրոնին խնդրի կարգավորման Ֆրանսիայի տարիների ջանքի համար: Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում է իր ինքնորոշման և ազատության համար, ու այդ պայքարը չի կարող հաջող ավարտ չունենալ:
 
Մակրոնի և Սարգսյանի հայտարարության շեշտադրումներում նկատելի է տարբերությունը: Դա պայմանավորված է կարգավիճակների՞ տարբերությամբ, որ ունեն Մակրոնն ու Սերժ Սարգսյանը, թե՞ նաև սկզբունքային մոտեցումների և դիրքորոշումների: Ի վերջո՝ Ֆրանսիան միջնորդ համանախագահներից է և իր հայտարարություններում, անկասկած, պետք է լինի որոշակիորեն չեզոք, զուսպ և ըստ էության՝ խոսի այն մասին, ինչի մասին խոսել է Մակրոնը, և խոսում են բոլոր համանախագահները՝ այս կամ այն նրբերանգային տարբերությամբ: Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահն ամենևին նորություն չի ասում, երբ խոսում է, այսպես ասած, համարձակ փոխզիջումների մասին:
 
Սերժ Սարգսյանը, ըստ էության, հակամարտող կողմի ներկայացուցիչ է, և այստեղ, իհարկե, հռետորաբանությունը ենթադրում է բոլորովին այլ շեշտադրումներ ու մեսիջներ: Ավելի կարևոր է, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը, այսպես ասած, դե ֆակտո, և այդ իմաստով որքանով է այն համընկնում Հայաստանի դիրքորոշմանն ու շահերին: Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը հնչեցնում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և ազատության համար պայքարի անխուսափելի բարեհաջող ավարտը և դրա համար ամբիոն է դառնում Ֆրանսիայի նախագահական նստավայրը: Դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է:
 
Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահն իր անդրադարձում բավական մանրակրկիտ է և նշում է անգամ Կրակովում արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպման մասին, ինչով Մակրոնը, թերևս, փորձում է վկայել, որ չնայած իր համեմատաբար նոր նախագահությանը, Ղարաբաղի հարցում հասցրել է բավականին խորամուխ լինել պրոցեսի մեջ և բավական ուշադիր է դրա ընթացքի նկատմամբ: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահն առնվազն ամրագրում է, որ ղարաբաղյան խնդիրն իր համար կարևոր թեմաների շարքում է, համենայնդեպս՝ այն աստիճան, որ հետևում է դրա ընթացքին՝ ընդհուպ արտգործնախարարական մակարդակի հանդիպումների ներառմամբ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել