Yerkir.am-ը գրում է.

«Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը խորհրդարանում մեկնարկած գնաճը մեղմելու թեմայով կսումները որակեց «տոկոսային աճպարարություններով համեմված միջոցառում», որից չկարողացան հասկանալ, այս ամեն ինչը լավ է, թե վատ:

«Այդուհանդերձ ներկայացնեմ արդեն Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները»,-ասաց նա և հավելեց, որ եթե պաշտոնապես ասում են 30% աղքատություն ունենք, ուրեմն 70% է:

«Այսօր իսկապես թոշակառուներն ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, որ ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ արքայավայել խորհուրդը, եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է, կարտոշկան էլ թանկացավ 40 տոկոս…այս ամենի ֆոնի վրա բարձրաստիճան քուրմերի հայտարարությունը, թե կառավարությունը ի՞նչ մեղավոր է:

Վերջիվերջո պարոն Շաբոյա՛ն, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որևէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն իսկապես անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ, եթե քննարկում ենք անում, եկեք իսկապես հասկանանք ինչն ինչոց է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ապրնքատեսակներ կան, որ գնաճը թելադրում են, ինչպես գազը, բենիզնն ու դիզվառելիքը: Ուստի նա հաշվարկեց ու ըստ այդմ էլ ներկայացրեց՝ իրական գնաճը, 29.4 տոկոս է, մնացածը տոկոսային աճպարարություն է: «Կառավարությունը լուրջ խնդիր ունի թոշակառուների հետ մեղմ ասած մարդավարի վերաբերվել»,-ասաց նա:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ելույթն ընկալեց որպես իր հասցեին ակնարկ և արձագանքեց, որ կարտոֆիլ ուտելու հետ կապված իր խոսքը ԶԼՄ-ները խեղաթյուրել են. «Եթե իմ խոսքը ձեզ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում, անձամբ ձեզանից: Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել