«Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար Հայաստանի տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, և ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է: Կարեն Կարապետյանի այցը Դավոս նրա առաջին եվրոպական այցն է վարչապետության արդեն գրեթե մեկուկես տարվա ընթացքում: Եվրոպային «ամենամոտ» պետություն, որում եղել է Կարապետյանը վարչապետական այցով, եղել է Վրաստանը:
 
Եվրոպա այցերի բացակայությունը Կարապետյանը պայմանավորել է օրակարգի բացակայությամբ: Շվեյցարիա այցն էլ սակայն, դժվար է Եվրոպա այց համարել, քանի որ դա այց է ոչ թե եվրոպական պետություն, այլ ընդամենը եվրոպական պետություններից մեկում տեղի ունեցող հեղինակավոր համաժողով: Խնդիրը, իհարկե, Կարեն Կարապետյանի դավոսյան այցը նսեմացնելը չէ, պարզապես այն չի ձգում միջպետական հարաբերության սանդղակին, եթե նույնիսկ դրա ընթացքում Կարապետյանը հանդիպումներ ունենա տարբեր երկրների ղեկավարների հետ: Բայց դրանով հանդերձ, այցն, իհարկե, ուշագրավ է, հատկապես նկատի առնելով հանգամանքը, որ գրեթե զուգահեռ էլ Սերժ Սարգսյանն է այցելել Եվրոպա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, ելույթ է ունենալու նաև միջազգային քաղաքական ամբիոնում՝ ԵԽԽՎ-ում:
 
Այդ ամենը բնականաբար ուշագրավ է դիտվում 2018-ի ապրիլի համատեքստում, որտեղ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վարչապետության երկու գլխավոր թեկնածուներն են: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ իր եվրոպական առաջին այցից առաջ, թեկուզ աշխատանքային, թեկուզ ոչ միջպետական ֆորմատի, Կարեն Կարապետյանը հարցազրույց է տալիս ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պետական գործակալությանը, խոսելով հայաստանյան տնտեսությունում մի կողմից ռուսաստանահայ կապիտալի մեծացող ներկայացվածության մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանի բիզնեսի համար գրավիչ պայմանների, հայտարարելով, որ ներկայումս Հայաստանում ներդրում անելու լավագույն ժամանակն է: Ի՞նչ է դա՝ Եվրոպա մեկնելուց առաջ «հավատարմության երդում» ռուսական կապիտալին ու Ռուսաստանին Դավոսի վերաբերյալ ավելորդ կասկածներ չհարուցելու համար, թե՞ Կարեն Կարապետյանը փորձում է, այսպես ասած, Դավոսի ճանապարհին «գայթակղել» նաև ռուսական բիզնեսը, ակնարկելով, որ կա այսպես ասած՝ «սուրբ տեղ», որը եթե ռուսական բիզնեսը դատարկ թողնի, ապա այն կլրացնի «դավոսյանը», քանի որ ներդրումների այդ տեղը դատարկ մնալու դեպքում այդ «ներդրումային փոսում» կհայտնվի ի վերջո Կարեն Կարապետյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել