Armtimes.com-ը գրում է.

Արմեն Սարգսյանի՝  ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո հայկական մամուլում ու փորձագիտական դաշտում նրա անձի շուրջ  քննարկումները չեն դադարում։ Ռուսական և ադրբեջանական մամուլն այս հարցում ևս ակտիվ է։

Մասնավորապես ռուսական «Коммерсант»-ը  «Հայաստանի նախագահը կողմորոշվել է իր իրավահաջորդի հարցում» հոդվածում գրում է, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն է, որն ունի պրոարևմտյան քաղաքական գործչի իմիջ, դրսում լայն կապեր, բայց միևնույնն է, հայկական քաղաքականության առաջին դեմքը այնուամենայնիվ  նա չի լինի․ երկրիը կառավարելու հիմնական գործառույթները լինելու են վարչապետի ձեռքում, որի անունը դեռ հայտնի չէ։ «Սահմանադրության մեջ ամրագրված ֆունկցիաներից զատ, ապագա նախագահը կարող է օգնել լուծել արտաքին տնտեսական եւ քաղաքական հարցերը, մասնավորապես Հայաստան իր անձնական կապերի միջոցով ներդրումներ ապահովել»,- գրում է կայքը։ «Коммерсант»-ը նաև հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընկալվում է որպես պրոռուսական գործիչ, այդպիսի բնորոշումը պայմանավորված է նրանով, որ նա եղել է «Գազպրոմ» ընկերության թոփ-մենեջերը։

Հոդվածում նշվում է, որ  ՀՀԿ նախագահի թեկնածուն նույնպես բիզնես-կապեր ունի նաև Ռուսաստանի հետ, մասնավորապես բարեկամական  հարաբերություններ Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ։

Այսպես, կարելի է ասել, պահպանվում է բալանսը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, գրում է թերթը։

«Коммерсант»-ը Արմեն Սարգսյանի ընտրվելու շանսերը բարձր է գնահատում․ «Պառլամենտական համակարգի անցնելուց հետո Առաջին փուլում հաղթում  է այն թեկնածուն, ով կհավաքի ձայների ¾-ը կամ 105 մանդատից 75-ը։ Այս տարբերակը պարոն Սարգսյանի համար հնարավոր է,բայց ոչ երաշխավորված։ Քանի որ ՀՀԿ ունի 58 մանդատ, իսկ նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը 7, ապա առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ է ներգրավել ընդդիմադիր 14 ձայն։ Իսկ 2-դ փուլում նշաձողն իջնում է․ բավարար է և ձայների 3/5-ը, այսինքն 63 պատգամավորի ձայն, որն էլ կապահովի իշխող կոալիցիայի հաղթանակը»,-գրում է ռուսական թերթը: Ըստ «Коммерсант»-ի, քանի որ նոր օրենքի համաձայն նախագահին ընտրում են խորհրդարանի պատգամավորները և ոչ թե երկրի բնակչությունը, ապա Սարգսյանը  պարտվելու շանսեր գրեթե չունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել