Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էմմա Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:

34-ամյա Էմմային մեղադրանք էր առաջադրվել գողության փորձի ու կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 176 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Էմմա Ք.-ն 2014 թվականի դեկտեմբերի 19-ին համացանցի ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է Արմանի հետ: Պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 20-ին՝ կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում «Պալոմա» հյուրանոցում՝ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Էմման Արմանից պահանջել է 20 հազար դրամ:

Պայմանավորված ժամին մարմնավաճառուհին մտել է հյուրանոցային այն սենյակ, որտեղ նրան սպասում էր Արմանը: Էմման նախապես է պահանջել պայմանավորված գումարը և նկատել է, որ տղամարդը հաշմանդամ է: Նա գումարը վերցնելով՝ հեռացել է սենյակից: Արմանը նրա հետևից դուրս է եկել՝ ձայն տալով հյուրանոցի աշխատակիցներին, որ կանգնեցնեն այդ կնոջը: Արմանը գնացել է Էմմայի հետևից, հյուրանոցի մոտ հասել է նրան, բռնել է ձեռքից ու պահանջել է վերադարձնել իր գումարը: Բայց Էմման ոչ միայն գումարը չի վերադարձրել, այլև, ըստ մեղադրանքի, քաշել-պոկել է Արմանի պարանոցի ոսկե շղթան՝ ոսկե խաչով՝ ընդհանուրը՝ 400 հազար դրամ արժողությամբ:

Ապա Էմման, ըստ մեղադրանքի, դիմել է փախուստի՝ Արմանին պատճառելով 420 հազար դրամի գույքային վնաս:

Բացի դրանից, ըստ մեղադրանքի, Էմմա Ք.-ն 2015 թվականի մարտի 20-ին փորձել է գաղտնի հափշտակելմեկ այլ հաճախորդին՝ Հարությունին պատկանող «Ռոլեքս» ժամացույցը՝ 3 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, բայց իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ հափշտակությունն ավարտին չի հասցրել:

Ըստ մեղադրանքի՝ վերը նշված օրը Էմման, ով մարմնավաճառությամբ էր զբաղվում, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու համար գնացել է Հարությունի բնակարան: Երբ տանտերը գնացել է խոհանոց՝ սուրճ պատրաստելու, Էմման ննջարանի մահճակալի մոտ գտնվող դարակում նկատել է տանտիրոջ ժամացույցը, հափշտակելու նպատակով այն վերցրել ու դրել է իր պայուսակի մեջ: Երբ տանտերը վերադարձել է ննջարան, նկատել է Էմմայի կասկածելի վարքագիծը, ստուգել է պահարանի դարակն ու հասկացել է, որ Էմման հափշտակել է այնտեղ գտնվող թանկարժեք ժամացույցը: Պահանջել է վերադարձնել: Այդ պահանջը լսելով՝ Էմման շփոթվել է, սկսել է գոռգոռալ: Հարությունը թափել է Էմմայի պայուսակի պարունակությունը, պայուսակի միջից ընկել է ժամացույցը: Դրանից հետո Հարությունը Էմմային դուրս է հանել իր բնակարանից:

Տուժող Արմանը հայտնել է, որ Էմմայի հետ ծանոթացել է կայքի միջոցով, պայմանավորվել են հանդիպել հյուրանոցում: Այնուհետև ինքը զանգել է Էմմային, ասել է, որ գտնվում է «Պալոմա» հյուրանոցի սենյակում: Պայմանավորվել են, որ 1-2 ժամվա համար Էմմային պետք է վճարի 20 հազար դրամ:

Երբ Էմման մտել է հյուրանոցի սենյակ, ինքը սուրճ էր խմում: Նրա համար էլ է սուրճ պատվիրել: Այլ հյուրասիրությունից նա հրաժարվել է: Էմման գումարը սկզբից է պահանջել: Ինքը նրան տվել է 20 հազար դրամ: Էմման վերցրել է գումարն ու գնացել է՝ ասելով, թե իր ժամանակը լրացել է:

Արմանը հայտնել է, որ գնացել է Էմմայի հետևից, բռնել է նրա ձեռքից, պահանջել է իր քսան հազարը: Էմման չի վերադարձրել: Ինքը քաշել է նրա բաճկոնից: Էմմայի ձեռքի պայուսակն ընկել է: Ինքն այդ ժամանակ զգացել է, որ պարանոցի «ցեպը պտտվեց», ասել է՝ ցեպս թող. «Իմ վզին ցեպ կար՝ խաչով»,- ասել է տուժողը: Նա չի հասկացել՝ ինչպես Էմման պոկեց շղթան…

Էմման հեռացել է՝ պայուսակը թողնելով ընկած: Արմանը կանչել է բարեկամին, միասին շղթան փնտրել են փողոցում՝ մտածելով, որ կարող է ընկած լինել, բայց չեն գտել: Արմանը զանգահարել է Էմմային, պահանջել է շղթան վերադարձնել: Էմման էլ պահանջել է իր պայուսակը՝ ասելով, թե պայուսակի մեջ մեծ գումար կա, ոսկի կա:

Ըստ Արմանի ցուցմունքի՝ « Ես ընդհանրապես ուզում էի տուն գնամ… Բայց երբ ինքը սկսեց, թե՝ պայուսակիս մեջ 150 հազար կա, հետո թե՝ 60 հազար կա, հետո էլ թե՝ ոսկի կա, ուղղակի ասեցի՝ խնդիրներ չունենալու համար, որ պրոբլեմի մեջ չընկնեի՝ ինձ ճիշտ հասկացեք, ես էդ տղեն չեմ, որ դրա համար ոստիկանություն դիմեի, սա էդ դեպքը չէր… Ինձ պետք չէր ոչ իմ տված 20 հազար դրամը, ոչ էլ էդ ցեպը… Ես մոտեցել եմ բաժանմունք, ասել եմ՝ տղերք, խնդրում եմ, մեջի պարունակությունը նայեք… Ժամը 1-ն էր, դեպքից մի 20 րոպե հետո… Էմման սկսեց ինձ էսէմէսներ ուղարկել՝ ամեն մեկի բովանդակությունը մյուսից ավելի հետաքրքիր, քֆուրներն էլ չասեմ՝ թե այ միոտանի, պիտի սատկես… Գրել էր՝ պայուսակի մեջ տան բանալիներ կային, տունս էլ ես թալանել… Ես հասկացա, որ լավ էր՝ էդ պահին ոստիկանությունում էի… Իսկ նա ինձ գրում էր, թե մարդկանց կբերեմ, որ ինձ ծեծել ես, բռնաբարել ես… Ես խնդրեցի տղաներին, որ նրան անմիջապես ուղարկեն փորձաքննության, քանի որ ես նրան ոչ մի բան չէի արել… Երբ մեզ առերեսեցին, ես ասի՝ ինձ ոչ մի բան պետք չի, իսկ նա նայում է աչքերիս մեջ ու ասում է՝ դու ինձ 60 հազար դրամ ես պարտք: Հետո իրա տատիկը եկավ, ասեց՝ սխալ բան ա արել երեխան… Ես ասի՝ իմ համար իմ պատիվն ա շատ կարևոր, էն, որ ոչ մեկը չասի, թե ես իրան բռնաբարել եմ…»:

Պատասխանելով հարցերին՝ տուժողն ասել է, որ երբ Էմման հյուրանոցի սենյակում վերցրել է փողն ու դուրս է եկել, ինքը սկզբում մտածել է՝ նա հումոր է անում… Ինքը նրա հետևից ոտաբոբիկ է դուրս եկել՝ նասկիներով… Ինքը ձեռնափայտով է տեղաշարժվում… Ձայն է տվել հյուրանոցի աշխատողներին, որ այդ կնոջը կանգնեցնեն… Էմման ներկայացել էր ո՛չ իր անունով, այլ՝ որպես Մանե:

Այն հարցին՝ ամբաստանյալից ի՞նչ պահանջ ունի՝ տուժողը պատասխանել է. «Ես ոչ մեկից ոչ մի պահանջ չունեմ, ես ինքս ինձնից պահանջ ունեմ»:

Տուժողն ասել է, թե գնացել է ոստիկանություն՝ անհանգստանալով, որ մարմնավաճառուհին իրեն կարող է անհիմն մեղադրել բռնաբարության կամ գողության համար:

Գործով երկրորդ տուժողը՝ Հարությունը, հայտնել է, որ զանգել է «այդ աղջկան», հանդիպել են, նրան տարել է իր տուն: Գնացել է խոհանոց, որ սուրճ եփի: «Ես միշտ զգույշ եմ, դարակը բացեցի, ոսկե ժամացույց ունեի, տեսա՝ չկա: Այդ աղջկան ասի՝ ժամացույցը տուր: Ասեց՝ չեմ վերցրել: Ասեցի՝ սուտ մի ասա, ուրիշ մեկը չկա քեզնից բացի: Ասեցի՝ պայուսակդ բացի, դատարկի: Իր ձեռքից պայուսակը վերցրեցի, դատարկեցի, ժամացույցը մեջն էր… Հետո ինքն ինձ ասեց՝ 15 հազար դրամ պիտի տաս, եկել եմ՝ պիտի տաս… Նրա գնալուց հետո տեսա՝ ֆոտոապարատը չկա… Ոստիկան ընկեր ունեմ՝ պատմեցի, նա ասեց՝ անունն ասա… Եկա ոստիկանություն…»:

Տուժողն ասել է, որ Էմմային «սեքսի համար» էր տարել իր բնակարան: Բայց իրենց միջև ոչինչ չի եղել: «Ես իմ տունը այդպես աղջիկ-մաղջիկ չեմ բերում, բայց… նեղված էի, փոփոխություն էր… Բայց որ փողոցից էի աղջիկ տարել, կասկածեցի, թե ժամացույցս կգողանա… Ննջասենյակում ուրիշ արժեքավոր բաներ չկային…»:

Տուժողը նշել է, որ Էմմայի պայուսակի մեջ նաև դանակ է եղել, իր հարցին նա պատասխանել է. «Ամեն էս գործն անողները ունեն դանակ», նա դանակով վախեցրել է իրեն, այդ ժամանակ է իր ձեռքը վնասվել…

Ըստ տուժողի՝ մարմնավաճառուհու հետ պայմանավորվել էր «սեքսի դիմաց» վճարել 15 հազար դրամ: Բայց ինքը նրան գումար չի վճարել, քանի որ նախ՝ սեքս չի եղել, հետո էլ նա գողություն էր արել…

Ամբաստանյալ Էմմա Ք.-ն հայտնել է, որ առաջին տուժողի հետ հյուրանոցում պետք է մեկ անգամ հարաբերություն ունենար, դրա համար ստանար 20 հազար դրամ: Երբ ինքը մտել է սենյակ, տղամարդն արդեն մայկայով էր: «Հարաբերությունը եղել է՝ ինչպես կարգն է, դրանից հետո նա ասեց՝ երկրորդ հարաբերությունն էլ պիտի լինի, ես ասի՝ չէ, մենք պայմանավորվել ենք, որ մի անգամ պիտի լինի, երկրորդի համար պիտի վճարես… Ինքը սկսեց վիճաբանվել… Ես ասի՝ դուրս եմ գալիս… Հագնվեցի, դուրս եկա, ինքն իմ հետևից հայհոյանքներով, գոռգոռալով դուրս եկավ՝ բա բռնեցեք, կանգնեցրեք իրեն, ինքն իմ գումարը գողացել է: Ես ասի՝ գումարը չեմ գողացել, ինքն իմ գումարը տվել է իմ ծառայությունների համար… Արդեն դուրս էի եկել փողոց, ու սկսվեց ամենաահավորը՝ քաշքշել, չգիտեմ՝ ինչ, կուրտկայիս թևն ամբողջովին ճղվել էր… ես իրան բացարձակապես ոչ հայհոյել եմ, ոչ բրդել… Որ ասում է՝ ցեպ եմ պոկել, ես իրա վզին ընդհանրապես ցեպ չեմ տեսել… Իմ պայուսակի մեջ նույնականացման քարտն էր, իմ պարագաները, 60 հազար դրամ… Ինքը քաշեց-պոկեց պայուսակս, ասեց՝ չես փախնի… Հետո ես իրան զանգել, իմ պայուսակն եմ ուզել: Ինքն ասել է՝ 20 հազար դրամը հետ կբերես, էդ ժամանակ կստանաս… Ուղղակի ինքն ինձ շատ վիրավորեց, ես իմ գումարն եմ վերցրել, ոչ ավել գումար եմ վերցրել, ոչ էլ ցեպ…»:

Մյուս տուժողի վերաբերյալ ամբաստանյալն ասել է, թե նա էլէ նույն կայքով ծանոթացել, զանգել, իրեն կանչել է տուն: Հանդիպել են տան մոտի խաչմերուկում: Պայմանավորվել են հարաբերություն ունենալ 15 հազար դրամով: Նրա սենյակը փոքր էր, նա գնացել է խոհանոց՝ սուրճ եփելու: Ինքը պահանջել է գումարը, նա ասել է՝ մոտը մանր չկա, վերջում կիջնի, կմանրի, կտա… «Էդ ամեն ինչը տեղի ունենալու ընթացքում ես նկատեցի, որ ինքը ֆոտոապարատով ինչ-որ բան էր անում՝ լույս էր վառվում ֆոտոապարատի մեջ… Ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ ճանաչում, միայն էդ ֆոտոապարատի համար եմ մեղավոր ճանաչում, քանի որ մտածեցի՝ նկարում է էդ ամեն ինչը, ապարատը դրեցի գրպանս… Հետո իրեն հետ եմ տվել ապարատը: Ապարատը վերցրել էի, քանի որ նա իմ գումարը չտվեց, ես ապարատը տարա, որ վաճառեմ, գոնե իմ գումարը հանեմ… Իսկ ժամացույց չեմ տեսել… Ինքն ա վիճել ինձ հետ, դանակն իրանն ա էղել… Ես հազիվ եմ էդ տանից դուրս եկել… Ինձ հետո կանչել են միլիցիայություն, վախեցրել են…»:

Պաշտպանի հարցին պատասխանելով՝ ամբաստանյալն ասել է, թե արդեն լվացաքատան աշխատող է. «Ինչ արել եմ ժամանակին, արել եմ ընտանիքիս ծանր դրությունից ելնելով…»:

Ամբաստանյալն ասել է, թե առաջին տղամարդը հաշմանդամ էր, ինքն այդ նկատել է հյուրանոցի սենյակ մտնելուն պես: Իսկ երկրորդ տղամարդը «հոգեկան հիվանդ էր… խանգարված մարդ էր՝ ապարատի մեջ տկլոր աղջիկների նկարներ կային, ես եմ ջնջել, որ տանեմ վաճառեմ, գումարս հանեմ…»:

Նախաքննական ցուցմունքով Էմմա Ք.-ն ընդունել էր, որ վերցրել է երկրորդ տուժողի ժամացույցը. «Ես բացեցի կառավաթի կողքի դարակը, տեսա ոսկեգույն ժամացույց: Ինձ մոտ ցանկություն առաջացավ դա նույնպես գողանալ: Ժամացույցն ուսումնասիրելուց հետո կողքից տեսա խփած պրոբ, կասկածեցի, որ կարող է դաժե ոսկուց լինի, դրեցի պայուսակս ու հանգիստ նստեցի…»:

Ըստ դատաապրաքագիտական փորձաքննության եզրակացության՝ ապարանջանով «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցի շուկայական միջին արժեքը կարող է կազմել մոտ 3 միլիոն 200 հազար դրամ…

Դատարանը հաստատված չի համարել, որ Էմմա Ք.-ն առաջին տուժողից հափշտակել է նաև ոսկե շղթա՝ ոսկե խաչով. «Ենթադրաբար 400 հազար դրամ արժողությամբ ոսկե շղթան ու խաչը բացահայտ հափշտակելու մասը անհրաժեշտ է հանել մեղադրանքի ծավալից»:

Էմմա Ք.-ն այս դրվագով մեղավոր է ճանաչվել միայն 20 հազար դրամ բացահայտ հափշտակելու՝ կողոպտելու համար:

Դատարանը հաշվի է առել, որ Էմմա Ք.-ի խնամքին է մինչև 14 տարեկան վատառողջ երեխան ու հաշմանդամ մայրը, նա է ընտանիքի միակ կերակրողը…

Էմմա Ք.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նա վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան:

Էմմա Ք.-ից որպես դատական ծախս՝ կբռնագանձվի 75 հազար 600 դրամ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով վերացնել պայմանական դատապարտության կիրառումը, Էմմա Ք.-ին դատապարտել իրական ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել