«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում: Երկու որդիների մայր (Վարդան և Հայկ Սարգսյաններ), երեք թոռների տատ և ազգությամբ ամերիկուհի հարսի սկեսուր Նունե Սարգսյանի գրչի արգասիքներն անգլիական ու հայկական մշակույթի հետաքրքիր համակցություն են, որտեղ հերոս վի­շապներն անգամ կարող են բարի ու գունագեղ լինել, և բարին ավանդա­բար հաղթում է չարին:
 
Նրա հեղինակած հեքիաթները փոխադրվել են հայերենի մի շարք բարբառներով ու ներկայացված են ՀՀ գրեթե բոլոր գրադարաններում: dailymail.co.uk պարբերականը 2016-ին հարցազրույց էր տպագրել լոնդոնաբնակ դեսպանի կնոջ հետ: Զրույցը, որը ծավալվել է Թեմզային նայող Սարգսյանների տան հյուրասենյա­կում, և որը քաղցրացրել են արծաթե սկուտեղով մատուցված բալն ու ձմե­րուկը, շատ բան է պատմում դեսպանի (ՀՀ ապագա առաջին տիկնոջ) ճաշակի ու աշխարհընկալման մասին: Նա ունի «Լինլի» կահույքի հավաքածու և մտերմիկ հարաբերություններ դիզայների՝ Լորդ Դեյվիդ Լինլիի՝ Թագուհու զար­միկի հետ:
 
Դեսպանի տիկնոջ հետ զրուցած Շառլոտ Փիրսոն Միթվեն փոխանցում է իր տպավորությունները Նունե Սարգսյանի մասին՝ նա ցուցամոլ ոչինչ չունի, «անչափ կիրթ և քաղաքավարի է, որպեսզի դրամի մասին խոսակ­ցություն վարի, և ամեն ինչին վերա­բերվում է հանգիստ՝ արժանավայել գնահատանքով»:
 
«Նունեն և Արմենը հանդիպել են Հայաստանի մայրաքա­ղաք Երևանի դպրոցներից մեկում, երբ Նունեն 14 տարեկան էր, Արմենը՝ 15: Նրանք մեծացել են խորհրդային վարչակարգի խստաշունչ պայմաննե­րում. Նունեն հիշում է, որ թեև կյանքը ճնշող էր, սակայն ապահով և ստեղ­ծագործ տաղանդը սնուցվում էր...»: «Հայրս լրագրող էր, մայրս՝ ուսուցչուհի, ուստի մենք մտավորականության մի մասն էինք: Այնժամ մեր հասարակու­թյունում դասակարգեր չկային, կային պարզապես շերտեր, և մենք երկրորդ շերտում էինք՝ նոմենկլատուրայից հետո, որին պատկանում էին քաղաքական գործիչները և բարձրաստի­ճան պաշտոնյաները, ում հասանելի էին արտասահմանյան ապրանքները և ճամփորդությունները: Մենք հա­րուստ չէինք, սակայն կրթված էինք և բավական գումար ունեինք սնվե­լու ու հագնվելու համար: Ես երբեք զրկվածության զգացում չեմ ունեցել: Իմ մանկությունը վատ չի եղել... Կար զգացում, որ մեզ մշտապես հետևում են: Մայրս մեզ ասում էր, որ զգուշ լի­նենք: Անեկդոտներ չպատմենք, քանի որ պատերն էլ ականջներ ունեն: Այդ զգացումը մանկուց ի վեր եղել է: Դա երբեք մոռանալ չի կարելի: Վախն ամենուր էր՝ դրա վրա էր հիմնված վարչակարգի երկարակեցությունը»,- dailymail.co.uk -ի հետ զրույցում պատմել է Ն. Սարգսյանը:
 
Նա խոստովանել է, որ ամեն ինչով նպաստել է ամուսնու կարիերային և լիուլի ըմբոշխնում է ընտանեկան կյանքը, զգում, որ իր ամեն զոհողու­թյուն լիովին արդարացված է: «Կար­ծում եմ՝ իմ որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության: Սակայն երբեք չեմ զղջում դրա համար: Երկու գեղեցիկ որդի ունեմ, որոնք խե­լացի են և հեռատես: Եթե կյանքում ունեցել եմ հիասթափություններ, ապա աշխատել եմ ի ցույց չդնել դրանք: Շատ դժվար է փոխհարաբերություն­ներում գտնել ճիշտ բալանս: Արմենն  ուժեղ է, ես էլ եմ ուժեղ: Հնարավոր էր բախում տեղի ունենար, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը, և նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ առանց ինձ ոչնչի չէր հասնի»,- ասել է Ն. Սարգսյանը: Նա սիրում է ինտելեկտուալ դետեկտիվներ, սիրած մանկական գրականությունը Դոկտոր Զեուսի և Ռոալ Դալի ստեղծագործու­թյուններն են, ինչպես նաև հայկական ժողովրդական հեքիաթները:
 
Արձակուրդի սիրած վայրը, բա­ցի Հայաստանից, Սարդինիան է, Ճապոնիան, որի մինիմալիստական արվեստն ու մշակույթը հոգեհա­րազատ են իրեն: Սիրած ուտեստը՝ մանրացրած ընկույզով, կարմիր լո­բով ապուրը, նաև գառնուկի միսը՝ տապակած սերկևիլով և լոլիկով: Ամենաթանկարժեք ունեցվածքը հա­մարում է անգլիական բուլդոգ Քոլոյին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել