«Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային և քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:

 

Անցնող երկու տարվա ընթացքում հանրային դիսկուրսում չորրորդ նախագահի հարցը գործնականում չի եղել առանցքային դիրքերում և չի արժանացել մեծ ուշադրության, նույնիսկ փոքրի էլ չի արժանացել: Սակայն այս օրերին չորրորդ նախագահի թեկնածության և ընտրության թեման ստվերել է նույնիսկ վարչապետի հարցը: Իհարկե, դա ժամանակավոր է, մինչև կլինի ընտրությունը, և հանրային ու քաղաքական ուշադրության ռեժիմը կվերադառնա վարչապետի ու կառավարության խնդրին:

 

Այդուհանդերձ, եթե ուշադրության բռնկումը հնարավոր է համարել ժամանակավոր, պետք է նկատել և արձանագրել, որ չորրորդ նախագահի թեկնածության հարցում հանգուցալուծումը ամենևին չի խոսում ժամանակավորության մասին՝ այն տեսանկյունից, որ ընտրված թեկնածուն ամենևին բուտաֆորիկ կերպար չէ, որը լինելու է դրածո և կամակատար: Համենայնդեպս, առաջադրված Արմեն Սարգսյանի կենսագրությունն ու միջազգային հեղինակությունը, կապերն ու կշիռը, մեղմ ասած, գոնե տեսական դաշտում անթույլատրելի են համարում դիտարկումը, թե այդ պաշարով գործիչը կարող է իրեն տեսնել դրածոյի կամ էլ կամակատարի դերում, անգամ ենթարկել իրեն այդպիսին դառնալու ռիսկի:

 

Ըստ այդմ, առնվազն քանի դեռ չենք դարձել արդեն ընտրված և լիազորությունը ստանձնած, նոր մոդելի լիարժեք անցման պայմաններում գործող նախագահի անմիջական քայլերին և դերակատարությանը, նվազագույնը տեսականում հիմք ունենք ենթադրելու, որ չորրորդ նախագահի խնդրի հանգուցալուծումը ստեղծում է նոր իրավիճակ և բավականին երկարաժամկետ կտրվածքով: Թեև նախագահի ինստիտուտն ունենալու է ներկայիս համեմատությամբ զգալիորեն սահմանափակված լիազորություն, այդուհանդերձ՝ գերնախագահ չլինելու պարագայում, չի էլ լինելու այլ գերինստիտուտ: Ու այստեղ արդեն Արմեն Սարգսյանի մի շարք գործոններ՝ թե՛ անձնական, թե՛ ռեսուրսային, անգամ ամենաթույլ օղակ դիտարկելու դեպքում նախագահի ինստիտուտը վերածում են իշխանական համակարգում ազդեցության և ուժի կենտրոնի:

 

Խոսքը ոչ միայն Արմեն Սարգսյանի մեծ հեղինակության մասին է թե՛ հայկական միջավայրերում, թե՛ նաև միջազգային տնտեսական, քաղաքական ասպարեզներում, այլ նաև անմիջական տնտեսական ռեսուրսի:

 

Սարգսյանն ըստ էության խոշոր գործարար է կամ տնտեսական գործիչ, որը ներգրավված է եղել միջազգային խոշոր տնտեսական ընկերություններում ու խմբերում, իրականացրել խոշոր տնտեսական նախագծեր տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրասիական գոտում ու հենց Հայաստանում: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաև դիվանագիտական գործունեության ընթացքում, այսպես ասած, հավաքագրված կապերը, ապա ակնհայտ է դառնում, որ թվացյալ թուլացած և բուտաֆորիկ նախագահական ինստիտուտը Արմեն Սարգսյանի նշանակմամբ դե ֆակտո ստանում է բոլորովին այլ կշիռ, ըստ այդմ՝ իշխանական համակարգում բոլորովին այլ ազդեցություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել