Ամերիկացի այս աղջկա աջ ձեռքը հենց լույս աշխարհ գալու պահին բժիշկներն ստիպված էին անդամահատել, իսկ ձախ ձեռքը՝ որոշ վնասվածքներ ուներ։ Այդ պահից սկսած աղջկա՝ Մոլի Հիգինսի կյանքը վերածվեց մղձավանջի։ Տարեցտարի նրա մոտ մեծանում էր վախը, որ հասարակությունը երբեք իրեն չի ընդունի, միշտ կծաղրի իրեն ու կվիրավորի։ Իսկ դրսում մարդիկ սովորականից երկար էին նայում իր կողմը, ինչի պատճառով Մոլին իրենց վատ էր զգում։

Նրա կյանքում հասավ մի պահ, երբ նա արդեն հոգնել էր ամեն ինչից ու բոլորից, և որոշեց ինքնասպան լինել՝ վերջ դնելով այդ մղձավանջներին։ Բարեբախտաբար դա ընդամենը ինքնասպանության փորձ էր, որից հետո Մոլին սկսեց արժևորել իր կյանքն ու որոշեց հիմնովին փոխել այն։

«Երբեք ինձ այսքան հանգիստ չեմ զգացել, միշտ վախեցել եմ հասարակությունից ու նրանց վերաբերմունքից։ Բայց այսօր ես այլևս հին Մոլին չեմ, հիմա ես գիտեմ ինքս ինձ գնահատել։ Այս ընթացքում սովորել եմ, թե ինչպես պաշտպանվել չարակամ մարդկանցից, որոնք, ցավոք, ամենուր են։ Սակայն կարևորը շնորհակալ լինելն է այն ամենի համար, ինչ ունես, և միշտ առաջ շարժվելը։ Հիմա երբ տեսնում եմ, թե որտեղից ուր եմ հասել, հպարտանում եմ ինձնով՝ միաժամանակ ափսոսալով, որ ժամանակին անգամ ինքնասպանության փորձ եմ արել։ Այժմ ես կարող եմ ինքնուրույն պայքարել թունավոր մարդկանց դեմ, ինչը կյանքիս բոլոր տարիների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն եմ համարում։ Միայն մի բան կավելացնեմ՝ ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ցանկանում եք, վայելեք այն, եղեք բարի, օգնության ձեռք մեկնեք կարիքավորին ու երբեք մի վիրավորեք միմյանց»,-ասում է Մոլին։

23-ամյա աղջիկն այժմ ունի իր բլոգը՝ հազարավոր հետևորդներով, ուր պարբերաբար ոգեշնչող և հետաքրքիր լուսանկարներ ու պատմություններ է հրապարակում իր կյանքից։ Նա ցանկանում է կոտրել հասարակության՝ գեղեցիկի ընդունված կանոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել