«Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»,-այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե այցելության ժամանակ:

Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է  2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

«Առաջարկս հետևյալն է. նպատակը, որը դնում եք՝ չդնեք այնպես, որ հետո 102 տոկոսով կատարեք: Կատարեք 92, 87 տոկոսով, բայց նպատակը բարձր սահմանեք: Մինչև սեզոնի սկսելը հստակ ձևակերպեք, յուրաքանչյուր ՋՕԸ-ի առջև դրեք իր խնդիրը, ամեն ՋՕԸ-ի տնօրեն պետք է իմանա այս տարի որքանով ավելի պայմանագիր պետք է բերի: Ջրի կորուստը պետք է նորմատիվով հաստատվի, ինչի համար յուրաքանչյուր ՋՕԸ-ն իր նորմատիվը պետք է ունենա, հաշվիչները պետք է մուտքի, ելքի վրա դրված լինեն: Այս առումով, անհրաժեշտ է մաքսիմալ օգտագործել դրամաշնորհային ծրագրերը, յուրաքանչյուր ՋՕԸ պետք է տարանջատված լինի, նրանց կոնֆիգուրացիան պետք է այնպես լինի, որ իր կառավարման դաշտը մաքսիմալ հաշվարկելի լինի: Պարզ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց անլուծելի որևէ բան չկա: Այնպես որ, ձեզնից ակնկալում ենք ծրագիր»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Զեկուցվել է, որ ջրի հաշվառման համակարգի բարելավման նպատակով առաջնային կերպով նախատեսվում է ներդնել 2100 ջարափիչ սարք: «Դրանք պետք է ներդրվեն փուլ առ փուլ, պարզ է՝ վերջում մենք հաշվառման ամբողջ դաշտը պետք է փակենք»,- նշել է վարչապետը: 

Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաև մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը:

«Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձևակերպում եք խնդիրը: Մինչև սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է: Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն: Մինչև տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ-ն ինչ է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը:

 Նա 2017-ը կոմիտեի համար որակել է գույքագրման, ախտորոշման, խնդիրները վերջնական հասկանալու, ծայրահեղ պայմանները ռեալ կառավարելու տարի, որը հնարավորություն է ընձեռում 2018-ին կառավարման որակը էապես փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել