Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում: 

Հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն: Իսկ ահա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաեւ հանրապետության նախագահի ինստիտուտը:

Համաձայն նախագծի, Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

Եթե նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից, իսկ հենց այդպես էլ կլինի, ապա նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: Այսինքն այն օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր՝ հանրապետության նախագահի լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել