ԱՄՆ-ում նախկին ոստիկան Ռիչարդ Սկավոնեին դատապարտել են 1 տարվա ազատազրկման, 300 ժամ հասարակական աշխատանքի և 20 հազար դոլար տուգանքի՝ ձերբակալված կնոջ հետ դաժան վերաբերմունքի համար։ Բացի այդ՝ տղամարդուն արգելել են վերադառնալ իրավապահ մարմիններ, հայտում է The Mirror-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին։ Պարբերականի տեղեկություններով՝ Սկավոնեն գործընկերոջ հետ Լաս Վեգասում ձերբակալել էր Ամանդա Օրտիզին այն բանի համար, որ նա աղտոտել է տարածքը։

Ի պատասխան՝ կինն իրավապահների վրա է նետել սուրճի բաժակը։ Զայրացած ոստիկանը սկզբում նրան գետնին է տապալել, իսկ հետո դեմքը սեղմել ոստիկանական մեքենայի առաջնամասի կափարիչին։ Չսահմանափակվելով դրանով՝ նա ձեռքը մտցրել է կնոջ կրծկալի մեջ։

Նրա վերնազգեստի միջից ոստիկանները դուրս են բերել բանալի և բջջային հեռախոս։ Դրանից հետո նրան նստեցրել են մեքենան ու տարել ոստիկանական բաժանմունք։ Կնոջ վրայից բոլոր մեղադրանքները հանվել են։

Պարբերականի տեղեկություններով՝ Օրտիզը հասել է այն բանին, որ Սկավոնեին հեռացրել են իրավապահ մարմիններից։ Բացի այդ՝ նա որպես բարոյական վնասի փոխհատուցում ոստիկանությունից 200 հազար դոլար է ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել