Ինչպե՞ս ճիշտ անվանել այս երկիրը՝ Հոլանդիա՞, թե՞ Նիդերլանդներ: Եվ ինչպե՞ս են երկու ամբողջապես տարբեր անվանումներ վերագրվել մեկ երկրի: Այս հարցը պարզելու համար անհրաժեշտ է հայացք նետել պատմությանը:

«Նիդերլանդներ» բառն ինքնին թարգմանվում է որպես «ստորին հողեր»: Ամենայն հավանականությամբ այն խոսակցական բառապաշարում հայտնվել է 10-րդ դարի սկզբին, երբ տվյալ տարածքը գտնվում էր Սրբազան Հռոմեական Կայսրության ղեկավարման տակ: Սակայն բառը գրավոր խոսքում սկսել է ի հայտ գալ մոտավորապես 14-րդ դարում: Երկար ժամանակ այստեղ բնակություն էին հաստատում իրար խառնված տարբեր ազգություններ, և գերմանացի կառավարիչները կայսրության տարածքների պարզ տարբերակման համար այն անվանում էին «ստորին հողեր»՝ ընդգծելով, որ այս տարածքները գտնվում են ծովի շրջակայքում: Ժամանակն անցնում էր, փոփոխվում էին կառավարիչները, կործանվում էին պետություններ, և վերջապես «ստորին հողերը» կարողացան ձեռք բերել անկախություն: Nederland անվանումը, սակայն, շարունակեց օգտագործվել որպես անվանում այլևս անկախացած այս պետության համար և մինչ օրս էլ գործածվում է համաշխարհային քաղաքականության մեջ: Այդ իսկ պատճառով առավել ճշգրիտ է այս երկիրն անվանել հենց Նիդերլանդներ:

Այդ դեպքում ի՞նչ կապ ունի Հոլանդիա անվանումը: Սա միայն մի շրջանի անվանում է Նիդերլանդների տարածքում: Հոլանդիա շրջանը բաղկացած է Հյուսիսային և Հարավային Հոլանդիաներից՝ երկու հիմնական պրովինցիաներից: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ հենց Հոլանդիան է դարձել երկրի ամենազարգացած հատվածը՝ Ամստերդամի՝ մայրաքաղաքի հետ միասին, որը տեղակայված է հյուսիսային պրովինցիայում: Հոլանդիայի տնտեսական և մշակութային արժեքները տարածվեցին ողջ Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում: Այսպես՝ 1697 թ. Պետրոս I-ը իր մտերիմների հետ այցելեց հենց Հոլանդիա, որտեղ վարպետներ վարձեց՝ վերազինելու համար բանակն ու նավատորմը:

Երբ նրանց հարցնում էին՝ «Որտեղի՞ց եք եկել», նրանք, հպարտանալով իրենց զարգացած շրջանով, վեհորեն պատասխանում էին՝ «Հոլանդիայից»: Զարմանալի չէ, որ ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հիշատակել Հոլանդիա և Նիդերլանդներ անվանումները մեկ երկրի վերաբերյալ:

Շատերի մոտ ձևավորվել է թյուր կարծիք, որ այս երևույթը տարածված է միայն ռուսալեզու ազգերի մոտ, սակայն իրականում դա այդպես չէ: Այս երկրին երկու անվանում են տալիս աշխարհի ազգերի մեծ մասը: Նիդերլանդների ոսկե դարի ժամանակ գաղութաստեղծմամբ, ստրակավաճառությամբ, տնտեսական կապեր ստեղծելով զբաղվում էին մեծ մասամբ Հոլանդիա շրջանի բնակիչները, որոնք երբեք չէին մոռանում շեշտել իրենց շրջանի հզորության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել