«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի դերասանուհի Լիդիա Օռլովան, ով մարմնավորում է Ջեննիին, BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է, որ սա իր առաջին լուրջ դերն է: Լիդիան սովորում է Թատերական ինստիտուտում, ավարտական կուրսում է: Մինչ «Էլենի օրագիրը» սերիալում նկարահանվելը Լիդիան ունեցել է էպիզոդիկ դերեր. «Մինչ այս եղել են առաջարկներ, բայց մերժել եմ բաց տեսարանների և ոչ համապատասխան դերերի պատճառով։ Իսկ «Էլենի օրագիրը» նախագիծը դուրս եկավ, չնայած փորձել եմ երկու դերի համար և խաղում եմ այնպիսի կերպարում, որն ինձ համապատասխան է: Ինձ համար իմ կերպարը բավականին խորն է, չնայած հանդիսատեսի մոտ կարող է կարծիք ստեղծվել, որ հիմար, հարուստ աղջիկ է, ով ոչինչ չի հասկանում»:

Բաց և համբույրի տեսարանների մասին խոսելիս նշում է, որ գուցե հետագայում նման առաջարկ ստանալու դեպքում համաձայնվի. «Այս շրջանում նման նպատակ և ցանկություն չունեմ, քանի որ առաջին քայլերս եմ անում հայտնի դառնալու: Հնարավոր է, որ հետագայում չհրաժարվեմ, բայց այս շրջանում չեմ կարող, ոչ էլ ցանկություն կա: Իմ կարծիքով սխալ է սկզբից նման տեսարաններով երևալը»:

Այն հարցին՝ սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է արտաքին տվյալների համար, թե դերասանական կրթության, Լիդիան պատասխանեց. «Սկզբնական շրջանում, երբ աշխատում էի «Ինդիվիդիում քասթինգի» հետ, ինձ միշտ մասսայական տեսարանների համար էին կանչում, և ոչ ոք չէր հետաքրքրվում՝ ես թատերականում սովորում եմ, թե չէ: Տեսքի առումով խաղարկային դեր էին տալիս, և երբ լավ էր ստացվում, սկսում էին հետաքրքրվել ինձանով: Բայց տեսքիս, այո, շատ են ուշադրություն դարձնում»:

Սերիալում Լիդիայի խաղընկերը Մարինկա Խաչատրյանն է, ում հետ ծանոթացել է նկարահանման հրապարակում. «Շատ տաք մարդ է: Առաջին օրը, հիշում եմ, լարված և կաշկանդված էի, երբ գնում էի նկարահանման: Նա առաջին մարդկանցից էր, ով ցրեց իմ այդ վիճակը և միանգամից դրական լիցքեր հաղորդեց: Հետո ընկերացանք իրար հետ և կարելի է ասել, որ ընկերուհիներ ենք»: 

Լիդիան պատմում է, որ սկզբում սերիալում խոսքեր չուներ, հիմա կերպարը շատ է փոխվել, արդյունքում սկսել են շատ մարդիկ ճանաչել. «Երբ, օրինակ, երթուղային եմ նստում, մոտենում, լուսանկարվում են, հաճելի խոսքեր են ասում: Ինձ այդ ամենը շատ հաճելի է իհարկե: Սկզբնական շրջանում մարդկանց մեկնաբանությունները և քննադատությունները շատ ծանր էի տանում: Ավելի շատ խոսում էին տեսքիս մասին, բոլորը հակված են նրան, որ ինչ-որ պլաստիկ միջամտությունների եմ դիմել, իսկ դա ինձ համար շատ ծանր թեմա է, քանի որ առհասարակ պլաստիկ միջամտությունների չեմ դիմել»

Դերասանուհին սիրելի ունի, չնայած, ինչպես նա է նշում, տղաների ուշադրության պակաս երբեք չի ունեցել. «Մեր հարաբերությունները վաղուց են սկսել, և նա դեմ չէ իմ ներկայիս գործունեությանը, ավելին՝ նրան հետաքրքրում է, թե ինչքան կաճեմ, քան այն, թե, օրինակ, սիրային տեսարանում ով ձեռքս կբռնի: Չի նայում իհարկե իմ մասնակցությամբ սերիալը, ոչ թե որ նրան չի հետաքրքրում, այլ իմ խոսքը նրան արդեն հերիք է»:

Լիդիայի խոսքով՝ սերիալում նկարահանվելը փոխել է նաև նրա ընկերներին. շատերը հեռացել են, իսկ ոմանք էլ փորձում են ընկերություն անել. «Եղել են մարդիկ, ովքեր առաջ նույնիսկ չէին բարևում, բայց երբ սկսեցի նկարահանվել և երևալ, հաճախ նույն այդ մարդիկ սկսեցին ինչ-որ տեղեր հրավիրել ինձ: Բնականաբար, ես նրանց այդ վերաբերմունքը չեմ ընդունում և կարծում եմ՝ պետք չէ շփվել նման մարդկանց հետ: Կան ընկերներ, ովքեր միշտ իմ կողքին են եղել, չնայած զբաղվածությանս առումով կարող եմ նրանց քիչ տեսնել»:

Զրույցի վերջում դերասանուհին նշեց, որ դեռ երկար ժամանակ ցանկանում է զբաղվել դերասանությամբ. «Այս ամենն ինձ համար շատ հաճելի է, ես, անկեղծ ասած, դրական դեր չեմ ուզում, ինձ բացասականներն ավելի էներգիա են տալիս, իհարկե, այնպիսի բացասական դերեր, որոնք ունեն խորություն և ասելիք»։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել