Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ադրբեջանում այս տարի նշելու են, իսկ ավելի ճիշտ է ասել՝ տոնելու են, ադրբեջանցիների, այսպես կոչված, ցեղասպանության 100-ամյակը։ Վաղուց է հայտնի, որ իրենց ադրբեջանցիներ անվանող կովկասյան թաթարները չեն ցանկանում ոչնչից հետ մնալ հայերից. եթե հայերն ունեն ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, ապա այն պետք է ունենան նաև ադրբեջանցիները, իսկ եթե ցեղասպանության ադրբեջանցիները չեն ենթարկվել, ապա այն կարելի է հնարել՝ կեղծելով պատմությունը։ Թուրքի համար այդ «պատվաբեր» գործն իր վրա վերցրեց Իլհամի հայրիկը՝ Հեյդար Ալիևը, ով 1918թ.-ի մարտի վերջերին ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը գլխիվայր շուռ տալով վերածեց հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության և 1998թ.-ի մարտի 26-ին օրենք ստորագրեց ադրբեջանցիների ցեղասպանության մասին, որն ամեն տարի նշվում է մարտի 31-ին։
Հավելեմ, որ սա միակ ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը չէ Ադրբեջանում։ Ալիևիների պատմաբանները հայտարարում են, որ հայերն ազերիներին ցեղասպանության են ենթարկել նաև 1905, 1990 և 1992 թվականներին։ Այո՛, ըստ ազերիների՝ եթե հայերը նշում են ցեղասպանության զոհերի ոգեկոչման մեկ օր, ապա իրենք պետք է ունենան մի քանիսը։ Իսկ Բաքվի համար դառը իրականությունն այն է, որ 1918թ.-ի մարտին ադրբեջանցի ազգ դեռ չկար, դեռ չէր ծնվել, որ հայերն էլ ցեղասպանության ենթարկեին։
Միակ 100-ամյակը, որն իրականում ՊԵՏՔ է բավական ճոխ նշեն Բաքվում, դա ադրբեջանցի ազգի առաջացման՝ «ծննդյան» 100-ամյակն է, որը պետք է Իլհամը տոնի 2018թ.-ի մայիսի 27-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել