Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կրակովում սպասված է եւ ցանկալի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Ես եւս մեկ անգամ հնչեցնելու եմ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ. դա մեր մտահոգությունն է այս հակամարտության տեւական լինելու վերաբերյալ, ինչպես նաեւ մեր կոչը՝ գտնելու բանակցված որոշում: Եվ այս համատեքստում ցանկացած հանդիպում սպասված է եւ ցանկալի»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ հիշեցնելով, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է եւ ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում: «Եվ, ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահի մասին է»,- եզրափակեց դեսպանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել