Tert.am-ը գրում է.

Այլ ճանապարհ, քան իշխանությունն ընտրության միջոցով փոխելն է, այս պահին մենք չենք տեսնում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե թանկացումների դեմ բողոքի երթի միջոցով հետևանքների՞, թե պատճառների դեմ են պայքարելու:

«Մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք բուռն պայքարում էինք պատճառների դեմ, իշխանությունների դեմ, դա ընտրական պրոցեսն էր: Եվ այլ ճանապարհ, քան ընտրության միջոցով իշխանություն փոխելը, այս պահին մենք չենք տեսնում: Եվ հենց այդ ճանապարհով մենք գնացել էինք պայքարելու»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա՝ թանկացումների պատճառներից մյուսը, որի դեմ պայքարում էր «Ելք» դաշինքը, ԵԱՏՄ-ն էր. «Ելքը» խորհրդարանում բարձրացրել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը՝ այսկերպ փորձելով պայքարել միասնական մաքսային դրույքաչափերով պայմանավորված թանկացումների պատճառների դեմ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները ՀՀ քաղաքացիներին հրավիրել են երթի՝ ընդդեմ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած թանկացումների՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով:

Նշենք նաև, որ արտախորհրդարանական ընդդիմադիր շատ քաղաքական ուժեր և գործիչներ հայտարարում էին, որ չեն միանալու «Ելքի» նախաձեռնած բողոքի երթին, քանի որ դաշինքը պայքարում է հետևանքների, այլ ոչ թե պատճառների դեմ: Ըստ նրանց՝ բոլոր թանկացումների պատճառը գործող իշխանությունն է և պետք է պահանջել նրանց հրաժարականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել