Ավելի տարօրինակ հետաքննություն, քան այն, որը վարվում է Գյումրիի փոխհրաձգության գործով, պատկերացնել դժվար է: Այնպիսի տպավորություն է, որ քաղմասում բաց դռների օրեր են՝ մարդկանց են բերման ենթարկում, հետո բաց են թողնում, հետո մարդիկ զենքերով գալիս արդարակամ հանձնվում են և ինքնախոստովանություններ գրում, իսկ հետո էլ, որպես վերջին ակորդ (կամ էլ նախավերջին), ոստիկանապետն է գնում ու հանդիպում հակամարտող կլանների ղեկավարների հետ ու համոզում, որ տղերք ջան, էլ իրար մի գյուլլեք էլի․․․
Երեկ չէ առաջին օրը Վարդանիկի եղբորորդիներից Վահե Ղուկասյանն էր ներկայացել ոստիկանության բաժին ու մեղքը իր վրա էր վերցրել, այսօր արդեն բաժին է ներկայացել 18-ամյա Գեւորգ Խաչատրյանը եւ ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ եւ փամփուշտատուփ` լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով ու խոստովանել, որ ինքը կրակել է Վահե Ղուկասյանի ուղղությամբ, այն բանից հետո, երբ վերջինս կրակել է իր հոր՝ Քավոր Հարությի և նրա ընկերոջ՝ Շեկոյի վրա:
Ամենատխուրը այն է, որ ողջ հանրապետությունը հստակ գիտի այս ամենի գլխավոր մեղավորին՝ Վարդանիկ կոչեցյալին, ու փոխանակ այս տմարդին ձերբակալեն իր գերդաստանի ողջ արական սեռի ներկայացուցիչների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ բարձրադաս էմիսարների են ուղարկում՝ ի դեմս ոստիկանապետի, որ համոզեն, որ իրեն խելոք պահի: Չհասկացա, հիմա Գյումրին ՀՀ օրենսդրության տիրույթից դո՞ւրս է գտնվում: Ձերբակալել ու վերջ, ոչ թե հետը բանակցել՝ այդ կերպ լեգիտիմացնելով նրան: Ինչպե՞ս չեք հասկանու, որ այս կերպ նախադեպ եք ստեղծում, որ էլի վերադառնան արյունոտ 90-ականները, որոնց հնարավոր եղավ վերջ դնել միայն Վանոյի՝ հիրավի Բերիայի սցենարով մշակված պատժիչ-դահիճական ակցիաների շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել