Ընկերներիցս մեկը մի քանի օր առաջ միտք հայտնեց՝ լեշակեր հասարակություն ենք: Երկար էի մտածում, բայց իր ասածին հակադրվող ոչինչ չգտա, իսկ ավելի դիպուկ էլ չկարողացա արտահայտվել: Իսկապես լեշակեր հասարակություն ենք: Ու վերջին օրերին ընկերներիս հետ հենց այդ թեմայով շատ եմ վիճում: Ինչո՞ւ պետք է հանճարեղ դերասանը նաև լավ քաղաքական գործիչ կամ ակտիվ, պայքարող ու ընդվզող քաղաքացի լինի: Չէ, ի՞նչ է նշանակում բոլորից պահանջել, որ իդեալական լինեն: Մենք իդեալակա՞ն ենք, մեկս լավ անգլերեն գիտի, մյուսը լավ գրիչ ունի, էն մյուսն էլ լավ խադավիկ է: Բայց բացարձակ չի նշանակում, որ լավ գրողը պետք է նաև հրաշալի խոհարար լինի: Ի՞նչ չափորոշիչներ ենք մենք մեզ համար ստեղծել, ու մի հատ էլ հարձակվում ենք մարդու վրա, երբ նա չի համապատասխանում մեր իսկ «գծած» ու մեր մեջ իսկ չտեղավորվող չափորոշիչներին: Խորեն Աբրահամյանը հանճարեղ դերասան էր՝ լավագույններից մեկը հայ կինոյի ու թատրոնի պատմության մեջ: Ու նաև երբեք չխոսեց ոչ մի իշխանության դեմ: Հետո՞, դրանից նա դադադարե՞ց լինել հազարավորների կուռքը, թե՞ այդ ժամանակ Facebook չկար, որ մտնեին ու Սարոյան եղբորը շանսատակ անեին: Մանուկ Աբեղյանը NKVD-ի դարդից ծերացավ: Վախենում էր մարդը, պաթոլոգիկ վախ ուներ: Չարենցն էլ Աբովի ու Վշտունու հետ միասին գովերգում էր սովետական իշխանությունը: Հետո՞, Չարենցի պես քանի՞սն ունի հայ ժողովուրդը: Չէ, պետք է մեռներ, զոհ գնար, որ լացելով ասեինք՝ Չարենցին սպանեցին: Ռուբեն Հախվերդյանի երգերի տակ սերունդներ են մեծացել: Բայց հետը շփվելիս, մանավանդ եթե խմած է, գարշանք ես ապրում: Ի՞նչ, Ռուբոն դրանից դադարո՞ւմ է լինել Ռուբո, մեր քաղաքի Ռուբոն: 
Էն, որ Շուշան Պետրոսյանի տեղը միգուցե քաղաքականությունը չէր, չեմ վիճում: Բայց ուզեք, չուզեք, Շուշանը 21-րդ դարի լավագույն հայ երգչուհին է: Սա փաստ է, անառարկելի փաստ: Հիմա Շուշանից ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ նման մտածի, ձեզ պես լինի, ձեզ պես գործի: Որ ի՞նչ... Ինքը Շուշան Պետրոսյանն է, ու ինքը չի կեղծում, որ ապրում է բանակով՝ հազար անգամ աչքովս եմ տեսել: Պաթոսախեղդ է անում միգուցե, բայց էդ չի նշանակում, որ լեշակերի պես պետք է վրա տանք... Բոլորին խեղդում ենք մեր իսկ ստեղծած «արյան ծովի» մեջ ու մի հատ էլ զարմանում, թե էս ինչի հեղինակություն չմնաց: Չնայած ձեր հեղինակություններն ուրիշ են, դրանցից էլ եք զզվում, բայց վախենում եք գրել, որովհետև կծեծեն, շատ կծեծեն, իսկ Շուշանը չի ծեծի, Շուշանը կերգի, ու դուք էլ կհուզվեք իր ցանկացած երգի տակ ու արցունքներով Facebook կմտնեք նույն Շուշանի միսն ուտելու համար: Որովհետև լեշակեր եք: 
Ի դեպ՝ Շուշանը պայմանական է, բոլորի նկատմամբ ենք նույնն անում՝ ընդդիմություն, իշխանություն, գրողներ, արվեստագետներ, մտավորականներ, հարբեցողներ, նարկոմաններ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել