Իրանի հարցում պահպանվում են հակասությունները ԱՄՆ և ԵՄ միջև։ ԵՄ-ն, չնայած Վաշինգտոնի՝ Իրանի տարածաշրջանային մեկուսացման տանող քայլերին, մտադիր չէ սառեցնել Իրանի հետ քաղաքական, առևտրատնտեսական կապերը, ինչն անհանգստության տեղիք է տալիս թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իսրայելում։ 
Թերևս նաև նշյալ հանգամանքով է պայմանավորված իսրայելական և արևմտյան լրատվական աղբյուրների կողմից ներկայացված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ մի շարք երկրների հատուկ ծառայությունների, այդ թվում՝ «Մոսադ»-ի համատեղ ջանքերով Գերմանիայի մի քանի քաղաքներում բացահայտվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործակալներ, իրականացվում են վերջիններիս բնակարանների ու գրասենյակների խուզարկումներ։ Տեղեկատվական աղբյուրի համաձայն՝ ԻՀՊԿ գործակալների թիրախը եղել են տեղի հրեական և իսրայելական օբյեկտները։ 
Շարունակելով Գերմանիայում ԻՀՊԿ գործակալների բացահայտման մասին տեղեկատվության տրամաբանությունը՝ կարելի է ասել, որ վերջին շրջանում Իսրայելն ու ԵՄ հրեական լոբբիստական խմբերը, ինչպես և իսրայելական հատուկ ծառայություններն ակտիվացրել են աշխատանքները ԵՄ տարածքում՝ ԵՄ-Իրան համագործակցությունը խոչընդոտելու ուղղությամբ։ Հետևաբար կարելի է նաև ենթադրել, որ սիրիական ճգնաժամին զուգահեռաբար ԵՄ տարածքում զգալիորեն մեծացել է նաև իրանական ազդեցությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել