ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո նախագահն այսօր իրի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ:

Թեյախմության ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև մտավորականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանը: Հանդիպման մասնակիցները նախագահից հետաքրքրվել են, թե նա՝ որպես քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, ըստ նրա ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի Հանրապետության հաջորդ նախագահը:

Ներկայացնելով իր պատկերացումը երկրի ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, որը անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Մինչ այժմ շրջանառվող նախագահի հավանական թեկնածուների շրջանում դեռ չի շրջանառվել երբեւէ որեւէ կուսակցության չհարած ու քաղաքականությամբ երբեւէ չզբաղված որեւէ անձի անուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել