2017թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման ուղղություններում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: 

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1 %-ավել:

Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ մեծ /1622 դեպք/ և որոշ չափով միջին ծանրության /284 դեպք/ հանցագործությունների հաշվին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է:

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով կամ 16,7 %-ով /198-165/,  ծանր հանցագործության դեպքերը նվազել են 352-ով կամ 11,4 %-ով /3081-2729/:

Փաստորեն, եթե 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 1.05 %-ը, ապա 2017 թվականին՝   0.8 %-ը: Ծանր հանցագործությունները՝ 2016 թվականին կազմել են ընդհանուր հանցագործությունների 16.4%-ը, 2017 թվականին՝ 13,4%-ը:

Վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին է, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների զանգվածում էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն և, միաժամանակ, հետաքրքրություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

2017 թվականին գրանցված սպանության դեպքերը նվազել են 17-ով կամ 25 %-ով /66-49/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է սպանությունների կայուն նվազում՝ 2007թ.-ին՝ 69, 2017թ.-ին՝ 49: Սպանության փորձի դեպքերը նվազել են 13-ով կամ 36%-ով /36-23/: Ընդ որում այս հանցատեսակով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել:

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 6-ով կամ 3 %-ով /200-194/:

Ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 13 %-ով: Ընդ որում այս հանցատեսակով ևս վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել՝ պահպանելով այդ ժամանակահատվածի կայուն նվազման միտումը:

Բնակարանային գողությունները նվազել են 361-ով կամ 28,9 %-ով /1250-889/:

Արձանագրենք նաև, որ Հանրապետությունում 13-ով կամ 20 %-ով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքերը. եթե 2016 թվականին արձանագրվել է այդպիսի 65, ապա 2017 թվականին՝ ընդամենը 52 դեպք: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատելիորեն նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 2007թ.-ին՝ 106, 2017թ.-ին՝ 52: 

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում: Այն դեպքում, երբ 2016 թվականի համեմատությամբ 2017թ. հանցագործությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը եղել է 78,5%, 2017թ. կազմել է 83,3%` 7,7%-ով ավելի:  2017 թվականին գրանցված հանցագործություններից չի բացահայտվել 3390-ը կամ 16.7%: Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 21,5: Չբացահայտված հանցագործությունների տոկոսային ցուցանիշը նվազել է 4,8 %-ով:

Աճել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջիններս ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում  և պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետևողական, գրագետ պլանավորված, արդյունավետ և համագործակցված գործողությունների իրականացում:

Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը, ի տարբերություն վերը նշված հանցանքների, դրական է գնահատվում. այդպիսի դինամիկան խոսում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ՝ դրանց դեմ տարվող հատկապես քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

2017թ. ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, որը 92 դեպքով կամ 130%-ով գերազանցում է 2016թ. տվյալը /71 դեպք/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ՝ 2007թ.-7, 2017թ.-163: 

2017թ. ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք՝ 17-ով կամ 65%-ով ավելի, քան 2016 թվականին/26 անձինք/:

Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու դեպքերը: 2017թ. ընթացքում արձանագրվել են այս բնույթի 150 դեպքեր՝ 14-ով կամ 10%-ով ավել քան 2016 թվականին: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին դրանք եղել են 26-ը:

2017թ. ընթացքում պաշտոնեական լիզորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք՝ կրկնակի ավել քան 2016 թվականին /28 անձինք/:

Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ 2017թ. ընթացքում կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է իրականացվել դատարանի  նախագահի, 2 դատավորի, դատախազի, 2 քննիչի, ՊԵԿ մաքսակետի պետի, տարածքային բաժնի 2 տեսուչի, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության պետի, ՔԿՀ  պետի և 2 պաշտոնատար անձանց, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի  2 պետի նկատմամբ:

Առևտրային կաշառքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 ԲՈՒՀ-ի  ռեկտորի,  բանկի վարչության 1 նախագահի նկատմամբ:

2017թ. ընթացքում իրականացվել են նաև իրավական, ինչպես նաև ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի լուրջ բարեփոխումներ, որոնք էապես կապահովեն ինչպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, այնպես էլ հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել