Tert.am-ը գրում է.

Վերջին տարիներին ստեղծված տնտեսական միջավայրից բացի այս հարկային օրենսգիրքը, կարծես, ևս  մի ավելորդ հարված էր սպառողների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը: Նրա խոսքով՝ նոր Հարկային օրենսգիրքը երկակի ազդեցություն է թողնում՝ և՛ եկամուտների կրճատման, և՛ ապրանքների գների բարձրացման վրա։ Եվ այս պայմաններում արտագաղթի տեմպերի աճն անխուսափելի է: «Այս պայմաններում, երբ կա ԵԱՏՄ մաքսային միասնական դրույքաչափերով թանկացումների խնդիրը, պատժամիջոցների կիրառման հետևանքով մենք խնդիր ունենք ռուսական ռուբլու հետ, ընդհանուր տարածաշրջանում լարվածություն կա, այս հարկային օրենսգիրքը, կարծես, մի հատ էլ ավելորդ հարված էր սպառողների համար»,- նշեց տնտեսագետը:

- Հունվարի 1-ից մի շարք ապրանքների գներ բարձրացել են:  Տարբեր կարծիքներ են հնչում, մի մասը նշում է, որ դա ԵԱՏՄ-ով է պայմանավորված, մյուս մասը հայտարարում է, թե դա ներքին օրենսդրության խնդիր է: Հստակեցնենք, ո՞րն է հունվարի 1-ից գրանցված գնաճի պատճառը:

- Թանկացումները հիմնականում պայմանավորված են Հարկային օրենսդրության փոփոխությամբ՝ ակցիզային հարկի բարձրացմամբ: Սա պարզապես Հայաստանի ներտնտեսական խնդիր է, որևէ ինտեգրացիոն խմբավորում հարկային բազայի միասնականացում չի ենթադրում և դա նորմալ է: Համաշխարհային տնտեսության մասշտաբով նայենք ինտեգրացիոն գործընթացներին: Վերցնենք Եվրամիությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրման դասական օրինակ, որովհետև այսօր որևէ տարածաշրջանում ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասած երկրներ, քան Եվրամիությունում է, գոյություն չունեն: Եվ որևէ տարածաշրջանային խմբավորում, եթե դա դիտարկում ենք տնտեսության տեսանկյունից, չի ենթադրում հարկային օրենսդրության միասնականացում: Այդպիսի բան չկա, որովհետև ինտեգրվող երկրները հաճախ ելնելով իրենց մեծությունից, բնակչության թվաքանակից, զարգացման մակարդակներից, չեն կարողանում սինխրոնիզացնել հարկային դրույքաչափերը: Այսինքն`նույն Գերմանիան հարկային օրենսդրության առումով չի կարող ոտք մեկնել Լիտվայի հետ, որովհետև դրանք շատ տարբեր են իրենց մասշտաբներով: Նույնը ԵԱՏՄ շրջանակում է:

- Եթե ներքին օրենսդրությամբ է պայմանավորված, այդ դեպքում պատճառը ո՞րն է հարկային օրենսդրության փոփոխության և ակցիզային հարկերի բարձրացման:

-Հարկային օրենսդրության փոփոխությունը, կարծես թե, մեզ պարտադրված է եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Դեռևս մեկ տարի առաջ էին այս խոսակցությունները պտտվում, որ ԱՄՀ-ի պարտադրանքով է հարկային օրենսդրության փոփոխությունը տեղի ունեցել և ԵԱՏՄ-ն այստեղ անելիք չունի: Ակցիզային հարկի փոփոխությամբ թանկացումներ, այո՛, սպասվում են: Բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամից դարձել է 40 հազար դրամ 1000 լիտրի համար, իսկ նախկինում մենք սեղմած գազի դեպքում չունեինք ակցիզային հարկ, հիմա գործում է 25 հազար դրամի ակցիզային հարկ 1000 խմ-ի պարագայում: Միայն այս երկու ապրանքը բավարար են, որպեսզի սա շղթայական ռեակցիայով տարածվի այլ սպառողական ապրանքների գների բարձրացման վրա: Սրանք գնագոյացնող ապրանքներ են, և օրինակ, կարծում եմ՝ հացի դեպքում կլինի նվազագույնը 25 դրամ թանկացում: Իսկ մենք լավ գիտենք, որ արտադրողները նման շանսից օգտվում են և 25 դրամի փոխարեն միանգամից 40 դրամ կբարձրացնեն: Այսինքն` հարկային օրենսդրությունը միայն մեր խնդիրն է, մենք ենք այսպես որոշել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել