Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենաբարձր շինությունը: Երևի մտածում եք, որ դա Օստանկինո հեռուստաաշտարակն է: Սխալվում եք, քանի որ Օստանկինո հեռուստաաշտարակը համարվում է ամենաբարձր շինությունը միայն Եվրոպայում:

Իսկ ահա աշխարհի ամենաբարձր կառույցը Դուբայի երկնաքերերից մեկն է, որն ունի 828 մ բարձրություն: Պատկերացրեք՝ ևս մի քանի մետր, և Ձեր դիմաց կհայտնվի կիլոմետրանոց բարձրություն ունեցող շինություն:

Կարևոր է նշել, որ սա հասարակ ինժեներական կառույց չէ: Դուբայի աշտարակը լիարժեք շինություն է, որն ունի 163 հարկ:

Շինության անվանումը շատերին է հայտնի՝ Բուրջ Խալիֆա, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Խալիֆի աշտարակ»: Բացումը կայացել է 2010 թվականին, իսկ կառուցումը սկսվել է 2004-ին: Նախնական փուլում ապագա հսկան այսպիսի տեսք ուներ.

Հանդիսավոր բացումը նախատեսվում էր կայացնել 2009 թ. սեպտեմբերին, սակայն գումարային խնդիրների պատճառով այն մեկ տարի հետաձգվեց:

Կառույցի շինարարության համար նախատեսված էր ներդնել կլորիկ՝ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար գումար: Ճարտարապետությամբ զբաղվել է ամերիկացի մի ճարտարապետ, ով արդեն փորձ ուներ նման շինություններ կառուցելու:

Գլխավոր ճարտարապետը նախապես և պաշտոնապես հայտարարել էր, որ սա լինելու է ամենաբարձր շինությունն աշխարհում: Դա արվել էր նրա համար, որ այն դեպքում, եթե տեղեկություններ ստացվեն մեկ այլ, ավելի բարձր շինության կառւցման մասին, նախագծողները կարողանան այնպես փոփոխել շինության նախագիծը, որ ռեկորդն անպատճառ պատկանի իրենց:

1-39-րդ հարկերում գտնվում են Armani հյուրանոցը և տարատեսակ գրասենյակային տարածքներ:

44-108-րդ հարկերում տեղակայված են «սովորական» բնակարաններ: Այսպես, աշխատանքից վերադառնում ես տուն, բարձրանում ես 10-րդ հարկ, և կարծես ոչինչ չի պատահել, գնում ես խոհանոց՝ ճաշելու: Իսկ պատուհանից երևում են ամպերը:

111-154-րդ հարկերն էլիտար գրասենյակային տարածքներ են:

Դուբայի աշտարակի կառուցման համար հատուկ բետոն է օգտագործվել, որը դիմակայուն է +50 °C ջերմաստիճանի: Ներսում տեղակայված են 57 վերելակներ, որոնք վայրկյանում 10 մ արագություն են կարողանում զարգացնել: Սա պաշտոնական տվյալ է, սակայն գոյություն ունի կարծիք, ըստ որի՝ այստեղ գտնվող վերելակների արագությունը հասնում է 18 մ/վ-ի: 

Հետաքրքիր է, որ Բուրջ Խալիֆան առհասարակ չի ջեռուցվում: Սա պայմանավորված է հատուկ ապակիներով, որոնք անդրադարձնում են արևի ճառագայթները:

Շինության արտաքին հատվածն ամբողջովին մաքրելու համար անհրաժեշտ է երեք ամիս, իսկ դրանով զբաղվում են ամեն օր:

Ներսում օդն անընդհատ սառեցվում, թարմացվում և արոմատիզացվում է: Ի դեպ՝ բույրը ստեղծվել է հատուկ Բուրջ Խալիֆայի համար:

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաբարձր շինության մասին

1. Կառուցումը սկսվել է 2004 թ.-ին և ընթացել է շաբաթական 1-2 հարկի կառուցման արագությամբ:

2. Կառուցման ամենօրյա աշխատանքում մասնակցություն ունեցած բանվորների թիվը 12,000 էր:

3. Բանվորների մեծ մասը եկել էին Հարավային Ասիայից և ապրում էին տարբեր պայմաններում: Նրանց քիչ էին վճարում, երբեմն էլ ուշացնում էին աշխատավարձերը: Զանգվածային խախտումների հետևանքով շատերը վնասվածքներ էին ստանում, ոմանք նաև մահանում էին: Այս տեղեկությունը հրապարակել է BBC-ն: Պաշտոնապես հայտարարվել է միայն մահվան մեկ դեպքի մասին:

4. Բետոնից են պատրաստված շինության 160 հարկերը, իսկ մնացած 180 մետրը կառուցված է բացառապես մետաղական կոնստրուկցիաներից:

Վերջում հարկ է ավելացնել, որ 2020 թ. Դուբայի նույն քաղաքում պլանավորվում է 928 մ բարձրություն ունեցող նոր աշտարակ կառուցվել: Սակայն կիրականանա դա, թե ոչ՝ դեռ ոչ ոքի հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել