Վերջին մի քանի շաբաթներին Ատլանտայում (Ջորջիա նահանգ) և արվարձաններում արձանագրվել է մարդկանց վրա բվերի հարձակման 3 դեպք: Թռչունները հարձակվում են մարդկանց վրա, բռնում գլխից և ուսերից՝ քերծվածքներ թողնելով, երբեմն՝ լուրջ: Այս մասին հայտնում է WSB-TV-ն:

Բվերը նախկինում էլ են մարդկանց վրա հարձակվել, բայց շատ հազվադեպ, 3 դեպքը մեկ ձմեռվա ընթացքում նույն շրջանում շատ է, կարծում են գիտնականները: «Հնարավոր է՝ բվերի ագրեսիայի պատճառն անսովոր ցուրտ ձմեռն է»,- կարծում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտաշխատող Սյուզան Հեյգը:

«Համոզված եմ, որ ցրտի պատճառով սատկել է գիշերային գիշատիչ թռչունների սովորական որսի զգալի մասը՝ առնետներ և մկներ: Բվերը սովից հարձակվում են ավելի խոշոր թիրախների, այդ թվում՝ մարդանց վրա»,- բացատրում է գիտնականը:

Այս ձմռանը բվերը հարձակվել են նաև շների վրա, հատկապես՝ փոքր:

Հեյգի ենթադրությանը համամիտ է Ատլանտայի կենդանիների պահպանության միության տնօրեն Ադամ Բեթյուելը: Ըստ նրա՝ հնարավոր է՝ պատճառը նաև մոտեցող զուգավորման սեզոնն է. սեռական հորմոնների ավելցուկն արու բվերի արյան մեջ դրանց կարող է ստիպել առանձնակի կատաղի պաշտպանել իրենց տարածքը. հնարավոր է՝ վերջին հարձակումների զոհերը չափից շատ են մոտեցել թռչունների բներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել