Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի՝ Չարլզ Մենսոնի մասին նոր ֆիլմում: Այս մասին գրում է Variety-ն՝ հղում անելով աղբյուրներին:

Դի Կապրիոն կխաղա ծերացող գործազուրկ դերասանի դերը: Հնարավոր է՝ նախագծին մասնակցի նաև դերասանուհի Մարգո Ռոբբին: Նրան կարող է բաժին հասնել ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի դերը, ով սպանվել է Չառլի Մենսոնի աղանդի հետևորդների կողմից 1969 թ.:

Տարանտինոյի ֆիլմը դեռ անուն չունի: Սպասվում է, որ այն էկրան կբարձրանա 2019 թ. օգոստոսի 9-ին: Ֆիլմը կնվիրվի 1969 թ. դեպքերին, երբ Մենսոնի «ընտանիքի» անդամները մի շարք սպանություններ են գործել: Ռեժիսորը նաև հայտարարել է, որ իր ֆիլմը կենսագրական չէ:

1969 թ. Մենսոնը և նրա «Ընտանիք» կոմունայի անդամները ձերբակալվել են: Մենսոնին մեղավոր են ճանաչել սպանությունների կազմակերպման մեջ և դատապարտել են մահապատժի: Սակայն 1972 թ. Կալիֆոռնիա նահանգում բարձրագույն պատժի մորատորիումից հետո դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ վաղաժամ ազատման հնարավորությամբ: Մենսոնը մահացել է կյանքի 84-րդ տարում Կալիֆոռնիա նահանգի բանտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել